Wikipedia առցանց հանրագիտարանի շահագործող «Վիկիմեդիա» հիմնադրամը հայտնել է, որ իր հարթակներում հայտնաբերել է OpenAI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) գործակալների կողմից իրականացված չարտոնված գործողություններ։
««Վիկիմեդիա» հիմնադրամն իրականացրել է սեփական հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք Wikimedia-ի կայքերը ենթարկվել են ԱԲ գործակալների նմանատիպ գործողությունների՝ հատուկ ուշադրություն դարձնելով OpenAI-ի կողմից կառավարվողներին։ Մենք կարող ենք հաստատել, որ Wikimedia-ի հարթակներում հայտնաբերել ենք OpenAI-ի այդ «չվերահսկվող» (կամ՝ կանոններից դուրս գործող) գործակալների որոշակի ակտիվություն», - նշել է կազմակերպությունը։
ԱԲ գործակալների չարտոնված գործողությունները ներառել են կազմակերպության վիքի-նախագծերում կատարված խմբագրումներ, նշումներ անելու հանրային գործիքը չարաշահելու անհաջող փորձեր և երթևեկության (թրաֆիկի) մեծ ծավալներ։
«Վիկիմեդիա» հիմնադրամը նաև նշել է, որ որևէ ապացույց չի հայտնաբերել այն մասին, թե իր համակարգերն օգտագործվել են գործակալների գործողությունները համակարգելու համար։ Կազմակերպությունը չի հայտնաբերել համակարգերի խախտման կամ տվյալների արտահոսքի որևէ նշան։
«Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք տեղի ունեցածով, ինչպես նաև այն բարդությամբ ու ջանքերով, որոնք պահանջվում են հետաքննություն անցկացնելու և այդ գործողությունների համար պատասխանատուներին բացահայտելու համար, և ավելի լայն առումով՝ մեր հարթակներում ԱԲ գործակալների ակտիվության հետ կապված աճող ռիսկերով», - հավելել են կազմակերպությունում։
Wikimedia-ն նաև հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» իր հարթակների և նմանատիպ այլ ռեսուրսների վրա չվերահսկվող ազդեցությամբ։

Русский