Բրիտանական իրավապահ մարմինները ձերբակալել են յոթերորդ կասկածյալին, որը կապված է Ֆեյրֆորդի ռազմական ավիաբազայի վրա հարձակման ծրագրի հետ։
Այս մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ոստիկանությանը։
Երեքշաբթի օրը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի Վեսթմինսթեր թաղամասում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի 22-ամյա քաղաքացի։ Նա յոթերորդ անձն է, ով ձերբակալվել է Ֆեյրֆորդի բազայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. մյուս վեց կասկածյալներն ավելի վաղ ազատ էին արձակվել գրավի դիմաց։
Սեպտեմբերի 27-ին Անգլիայի Գլոստերշիր կոմսության Ֆեյրֆորդ ավիաբազայի մոտակայքում ձերբակալվել էին Լոնդոնի հինգ բնակիչներ՝ 23-ից 25 տարեկան։ Հաջորդ օրը նրանք ազատ էին արձակվել գրավի դիմաց՝ չնայած պայթուցիկ նյութերի և ահաբեկչության վերաբերյալ օրենքների խախտման կասկածներին։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ նրանց ֆուրգոններում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Հոկտեմբերի 1-ին Լոնդոնի կենտրոնում ձերբակալվել էր (ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության շրջանակում) Մեծ Բրիտանիայի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող 25-ամյա մի տղամարդ։ Նա նույնպես հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Русский