Ի սկզբանե Ռուսաստանը հայկական ողբերգությունը ընկալել է որպես իր սեփական վիշտը, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը։
«Ժամանակակից Ռուսաստանը աշխարհում առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հիշեցրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ։ Մոսկվայի դիրքորոշումը հիմնված է ոչ թե օպորտունիստական կամ քաղաքական նկատառումների, այլ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու հաստատակամության և վճռականության վրա»,- նշել է Զախարովան։
Խոսելով Եվրամիության՝ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մասին՝ դիվանագետը նշել է, որ սա թույլ կտա դաշինքին ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա։
«Սա արդեն երկրորդ առաքելությունն է»,- ընդգծել է նա՝ ասելով, որ անօրինական ֆինանսական հոսքերի մոնիթորինգի և կիբեռհարձակումների դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին։
«Մոսկվան հույս ունի, որ հայկական կողմը թույլ չի տա, որ ԵՄ նոր առաքելությունն օգտագործվի երկիրը հակառուսական քաղաքականության մեջ ներգրավելու համար։ Միգուցե այս առաքելությամբ Հայաստանի ղեկավարությունը հույս ունի արագացնել առաջընթացը եվրոպական ուղու վրա։ Սակայն, չպետք է մոռանալ, որ շատ երկրներ, օրինակ՝ Սերբիան, կաղում են այս ճանապարհին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Русский