Միացյակ Նահանգների Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում ողբերգություն է եղել: Հայ ընտանիքի չորս անդամների՝ ամուսնական զույգի և նրանց երկու մանկահասակ երեխաների դիակներն են հայտնաբերվել մասնավոր տանը, հայտնել է KTLA5 հեռուստաընկերությունը։
Իշխանությունները գործը հետաքննում են որպես հնարավոր սպանություն-ինքնասպանություն:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան: Ոստիկանությունը ժամանել է Լոնդոնիուս փողոցի տուն այն բանից հետո, երբ հարևանները հայտնել են ներսից լսվող կրակոցների մասին: Ժամանած ոստիկանները հայտնաբերել են տղամարդու, կնոջ և երկու երեխաների դիակներ:
Դատաբժշկական փորձագետները զոհերին նույնականացրել են որպես 31-ամյա Խաժակ Բասմաջյան, նրա երկու տարեկան որդին՝ Ալեք Բասմաջյան, և նրանց վեց օրական նորածին դուստր՝ Էլլա Բասմաջյան: Մոր անունը, որը մոտ 30 տարեկան կին է, գաղտնի է պահվել մինչև հարազատներին տեղեկացնելը:
Նախնական քննության համաձայն՝ մայրը կրակ է բացել՝ սպանելով իր երկու երեխաներին և ամուսնուն նախքան ինքնասպան լինելը։ Սակայն դեռևս պաշտոնական եզրակացություններ չեն արվել, և քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը հաստատել է, որ կասկածյալներ չեն որոնվում։
Տարածքի մի բնակչի խոսքով՝ ընտանիքը հանգիստ և բարեկեցիկ տեսք է ունեցել։ «Ես երբեք վեճեր չեմ լսել և ոչ մի անհանգստացնող նշան չեմ նկատել։ Այդ երեկոյան, ժամը յոթի սահմաններում, տեսա, թե ինչպես է ամուսինս աղբը դուրս հանում։ Ամեն ինչ լիովին նորմալ էր թվում», - ասել է հարևանը։
Որոշ հարևաններ ենթադրում են, որ կինն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում՝ հետծննդյան դեպրեսիա, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
Դեպքի հանգամանքները դեռևս քննվում են։

Русский