Յուրաքանչյուր ծնողի համար, եթե նույնիսկ իր երեխան ոճրագործ է, ամենալավն է, ամենախելացին ու ամենագեղեցիկը։ Դա նորմալ ծնողական բնազդ է, սակայն աննորմալ է, երբ այդ սուբյեկտիվ գնահատականի կողքին նսեմացվում ու արժեզրկվում են ուրիշների երեխաները։
Բայց եթե ինտելեկտուալ որոշակի ցածր աստիճանի վրա գտնվող մարդու կողմից սեփական երեխային նման մեծարանքը կարելի է պարզապես անտեսել, ապա աններելի է այն պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, հատկապես, երբ նա զբաղեցնում է այնպիսի պաշտոն, որն ուղղակիորեն առնչվում է այլոց երեխաներին։ Նման դեպքերում պաշտոնյան պետք է իր խոսքում հնարավորինս զուսպ լինի, հակառակ պարագայում անկախ իրենից ցույց է տալիս իր իրական կարծիքը այն նույն հասարակության մասին, ում շնորհիվ հասել է այդ պաշտոնին ու ում վճարած փողերով սնվում է։
Երբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իր տղան բարձրակարգ տղա է ու չպետք է ծառայի բանակում, ապա դա ոչ թե անզգույշ խոսք էր, այլ մտածելակերպ։ Սովորաբար մարդիկ «անզգույշ խոսքերի» ժամանակ ասում են այն, ինչ մտածում են, հետագա բոլոր արդարացումներն ընդամենը «կրուտիտ» են։
Սույն պաշտոնյայի պատկերացմամբ՝ բանակում ծառայում են ցածրակարգ տղաներն ու անգրագետները։ Ընդ որում, առաջին անգամ չէ, որ Անդրանիկ Քոչարյանը քամահրանքով է վերաբերվում հայկական բանակին։ Հիշենք, որ նա դեռևս ոչ վաղ անցյալում առաջարկում էր ընդդիմադիրներին ուղարկել առաջնագիծ։ Այլ խոսքով ասած՝ այս մարդու կարծիքը բանակի մասին միշտ նույնն է եղել, բանակը, նրա պատկերացմամբ, կա՛մ «ստորին ծագում» ունեցող մարդկանց համար է, կա՛մ աքսորավայր։
Անկեղծ ասած, ես Անդրանիկ Քոչարյանին ճանաչում եմ երկար տարիներ, ու ժամանակին նա անձնական շփումների ժամանակ թողնում էր ադեկվատ տպավորություն, իսկ այսօր տեսնում ենք դրա հակառակ պատկերը, ուստի ինչո՞ւմն է խնդիրը։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, նա իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի նման տառապում է անձի երկվությամբ, ու եթե մինչև 2018 թվականն Անդրանիկ Քոչարյանն իրեն պահում էր ադեկվատ ու համեստ, ապա պատճառն այն է, որ նա այն ժամանակ չուներ պաշտոն ու իշխանական որևէ լծակ, հետևաբար նրան այլ բան չէր մնում անելու, քան համեստ լինելը։ Իսկ այսօր իշխանական պատգամավորական մանդատն ու հաձնաժողովի նախագահի պաշտոնը նրան վերադարձրել են իր իրական դեմքը, որը նա խնամքով թաքցնում էր դիմակի տակ։
Բայց անկախ նրա դիմակների քանակից՝ այս հարցում անելիք ունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա whatsapp-ով Անդրանիկ Քոչարյանին զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու SMS չուղարկի, ապա կփաստի, որ համաձայն է վերջինիսի պատկերացումների հետ՝ բանակը նախատեսված է ցածրակարգ, տգետ, ինտելեկտից զուրկ, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց համար։
Այս ամենից հետևություններ ունի անելու նաև հասարակությունը, արդյո՞ք նա կցանկանա գալիք խորհրդարանական ընտրություններին իր քվեն տալու այնպիսի քաղաքական միավորի, որի ներկայացուցիչները սեփական որդիներին համարում են «բարձրակարգ տղաներ», իսկ մյուսների երեխաները զուտ մատաղացու գառներ են՝ այդ «բարձրակարգերի» կյանքն անվտանգ ու բարեկեցիկ դարձնելու համար։
Կարեն Կարապետյան

Русский