«Պետք է հասկանանք՝ ինչի դիմաց ենք ստանում այդ բենզինը»,- Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրելու նպատակահարմարությանը անդրադառնալով՝ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով՝ Հայաստանի գործող իշխանությունները ինչ էլ անում են, հիմքում իրենց քաղաքական PR-ն է, ոչ թե համընդհանուր շահը։
«Նորմալ չէ, երբ դու ստում ես քո հանրությանը։ Ցույց են տալիս, իբրև 70 դրամով էժան է ադրբեջանական բենզինը։ Այնինչ նավթամթերքը ամեն օր բորսայում գին ձևավորող ապրանք է, այսինքն՝ բորսայական գին ունի։ Անգամ Ռուսաստանն այս պայմաններում իր նավթամթերքի գինն էլի կապում է բորսայի հետ»,- նշել է Վանեցյանն ու ռուսական բենզինի օրինակով՝ ներկայացրել, թե ինչ գին կարող էր ունենալ ադրբեջանականը և ինչ գնով է այն վաճառվում։
«Ես ուսումնասիրել եմ, և «Պրեմիում» տեսակի բենզինի՝ վերջին երկու ամսվա միջին գինը տատանվել է 670-700 դոլարի սահմաններում՝ մեկ տոննայի հաշվարկով։ Եթե այդ հաշվարկն անենք, ապա ճանապարհածախսը Վրաստանի տարածքով 120-150 դոլարի միջև է տատանվում, Հայաստանի մեջ՝ Այրում կայարանից մինչև Երևան, 28-30 դոլարի միջև է տատանվում։ Երբ այդ ամբողջը գումարում ես ու գումարում ես նաև ակցիզային հարկը, մաքսատուրքը, բնապահպանական ծախսերը և մնացածը, այդ բենզինի ինքնարժեքը, արդեն լիտրով եմ ասում, ոչ թե տոննայով, 380 դրամի չափով է լինում։ Ռուսական բենզինի մասին է խոսքը։ Արդյոք, եթե իշխանությունները ցանկություն ունենան, 380 դրամով այստեղ բերած բենզինը կկարողանայի՞ն 430 դրամով վաճառել մեր բենզալցակայաններում։ Վստահաբար, կկարողանային։ Նույն տրամաբանությունը ադրբեջանական բենզինի դեպքում է։ Նույն գինն է ստացվում. Ադրբեջանից՝ Վրաստան, Վրաստանից՝ Հայաստան, մաքսազերծում, տուրքեր և այլն։ Բայց պետությունը որոշում է կայացրել, որ ցանցը, որը վաճառում է այդ բենզինը, կամ եկամուտ չգեներացնի, կամ մինիմալ եկամուտով աշխատի, նա էլ անում է»,- վարչական միջամտությանն անդրադառնալով՝ ասել է Վանեցյանն ու հավելել՝ անվճար պանիրը միայն թակարդում է։
«Հակամրցակցային հանձնաժողովը պետք է լուրջ ուսումնասիրություն կատարի։ Սա դեմպինգ է։ Ինչ-որ մի փուլում 430 դրամով կծախեն, բոլոր խաղացողներին կհանեն, հետո այդ բենզինը կդարձնեն 600 դրամ, իրենց կրած «կորուստը» կհանեն, թեպետ հիմա էլ վնաս չեն կրում, բայց արդեն շուկայում էլ մնացած խաղացողները չեն լինի»,- նշել է նա։
Արթուր Վանեցյանը հավելել է՝ տնտեսականից բացի, խնդիրը նաև բարոյական կողմ ունի։ Այս համատեսքտում Վանեցյանը հիշեցրել է Արցախի կորստի, Բաքվում պահվող հայ գերիների, ադրբեջանական չդադարող պահանջների և Հայաստանի իշխանության կրավորական կեցվածքի մասին։ Նա ընդգծել է՝ «Էժան բենզինն Ադրբեջանից կլինի, Թուրքիան էլ սահմանը կբացի, էժան լոլիկ կբերենք, կապրենք» խոսույթը պետական և ազգային շահի մասին չէ։

Русский