MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության այսօրվա նիստի օրակարգը․ նախագծերից մեկով որոշ ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվելու է։
Ներկայացված նախագծում նշված է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Հայկական ծագում ունեցող կարանտինային արտադրանքների ՀՀ-ից արտահանման և տարանցման նկատմամբ կիրառվող սահմանփակումներով պայմանավորված՝ նվազել են հայկական ծագման պտուղբանջարեղենի, այդ թվում՝ ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալները։ Դրա հետևանքով արտահանվող ջերմատնային լոլիկի զգալի մասը ներկայումս վաճառվում է տեղական շուկայում՝ հանգեցնելով բաց դաշտում արտադրված լոլիկի նկատմամբ պահանջարկի նվազմանը։
Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից՝ 2026 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը, ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 800 տոննա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր շուրջ 7000 տոննա՝ ամբողջությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ։
2020-2025 թվականներին տոմատի մածուկի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 5336 տոննա, իսկ նույն ժամանակահատվածում արտահանման տարեկան միջին ծավալը՝ շուրջ 3822 տոննա։
Նկատի ունենալով, որ տեղական շուկայում տոմատի մածուկի սպառման տարեկան միջին ծավալը կազմում է շուրջ 3000 տոննա, ստացվում է, որ ներմուծվող տոմատի մածուկի գերակշռող մասը վերաարտահանվում է, իսկ որոշ մասը նոսրացնելուց և վերափաթեթավորելուց հետո իրացվում է տեղական շուկայում։
Տեղական արտադրության 1 կգ տոմատի մածուկի միջին ինքնարժեքը շուրջ 82.2 դրամով ավելի բարձր է, քան ներմուծված 1 կգ տոմատի մածուկի արժեքը։ Հարկ է նշել նաև, որ տեղական արտադրության 1 կգ տոմատի մածուկի միջին ինքնարժեքի՝ 82.2 դրամով բարձր լինելու հաշվարկում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ներմուծված ծավալում գերակշռում է 36 զանգվածային % չոր նյութ պարունակող տոմատի մածուկը։
Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների (տոմատի մածուկ) ներմուծման վրա։
Նախագծի ընդունման դեպքում կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումն ամբողջ ծավալով։
Մարիաննա Արամյան

Русский