Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՕՊԵԿ+-ը համաձայնել է ավելացնել նավթի քվոտաները ԱՄԷ-ից դուրս գալուց հետո

Blog Image

Մայիսի 3-ին նախատեսված առցանց հանդիպումից առաջ ՕՊԵԿ+ նավթային կազմակերպության 7 երկրներ նախնական համաձայնության են եկել հունիսին նավթի արտադրության նպատակներ օրական մոտ 188,000 բարելով բարձրացնելու վերաբերյալ, հայտնել են Reuters-ի աղբյուրները։

Քվոտաների ավելացումը ուժի մեջ կմտնի անմիջապես Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից այս շաբաթ խմբից անսպասելի դուրս գալուց հետո։

Աղբյուրների տվյալներով՝ արտադրությունը մեծացնելու որոշումը մեծ մասամբ խորհրդանշական է: Դրա պատճառը փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելական պատերազմն է Իրանի դեմ և դրան հաջորդած Հորմուզի նեղուցի փակումը: Սա դադարեցրել է նեղուցով անցնող բեռնափոխադրումների մեծ մասը և շատ լուրջ վնաս է հասցրել արտադրող երկրների արտադրությանը։

Ըստ ՕՊԵԿ-ի զեկույցի՝ մարտ ամսին ՕՊԵԿ+-ի բոլոր անդամների կողմից հում նավթի արտադրությունը փետրվարի համեմատ նվազել է օրական 7.7 միլիոն բարելով՝ միջինը կազմելով օրական 35.06 միլիոն բարել։ Սահմանափակ արտահանման պատճառով ամենաէական կրճատումները գրանցվել են Իրաքում և Սաուդյան Արաբիայում։

Մայիսի 3-ի հանդիպմանը մասնակցում են Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը, Ալժիրը, Ղազախստանը, Ռուսաստանը և Օմանը։ ՕՊԵԿ+-ի կազմում են 22 երկիր (ԱՄԷ-ի դուրս գալուց հետո), սակայն վերջին տարիներին միայն այս յոթ երկրներն են (գումարած ԱՄԷ-ն) մասնակցել ամսական արտադրության որոշումներին։ Մի աղբյուր ներկայիս որոշումը նկարագրել է որպես ազդանշան այն մասին, որ ՕՊԵԿ+-ը շարունակում է իր «սովորականի պես գործելու» մոտեցումը։

ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից, ապրիլի 28-ին հայտարարել է ԱՄԷ պետական ​​լրատվական WAM գործակալությունը։ Հայտարարության մեջ բացատրվում է, որ խմբից դուրս գալը պայմանավորված է երկրի արտադրական քաղաքականության վերանայմամբ, ներկա և ապագա հզորությունների գնահատմամբ, ինչպես նաև ազգային շահերով։ Գործակալությունը նաև նշել է, որ որոշման վրա ազդել են «Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցող անկայունությունները»։

 

Send