Փաշինյանը եկեղեցու նոր կանոնագիրք է որոշել գրել, եթե իհարկե արդեն չեն գրել ու դրել ձեռքը։
Ինչպես որ նոր սահմանադրություն, նոր Հայաստան, ամենը միմիայն նոր ու յուրովի։ Նա այնպես պատրաստակամ է որոշումներ կայացնելու գործում, որ թվում է՝ ամեն ինչից գլուխ է հանում։ Դե քանի որ կառավարությունը Նիկոլն է, իսկ ինչո՞ւ չլինել եկեղեցին եւ Կաթողիկոսը։ Փաշինյանը ինչպե՞ս է «արդարացնում» իր որոշումները։ Ասում է՝ կհետեւենք հոգեւորականների բարեվարքության կանոններին (ուշադրություն, ո՞վ է հետեւողը, կամ հետեւողները։ Ըստ երեւույթին, Արփի Դավոյանն ու «Լուլու» Բադալյանը, Գալյանն էլ` վերահսկիչ պալատի գլխավոր վարչության պետ) ու դրանց ապահովման երաշխիքներին։ Բայց ամենաուշագրավը եկեղեցու ֆինանսական թափանցիկության մասին է խոսում, որը անհանգստացնում է Փաշինյանին, զուտ նրա համար, որ եկեղեցին միակ կառույցն է, որի ֆինանսները չի կարողանում տնօրինել ու ղեկավարել։
Հաջորդիվ անցնում է Ամենայն հայոց Կաթողիկոսի ընտրություններին։ Նա մտածում է, որ ինքը պետք է նոր Կաթողիկոս ընտրելու գործում միակ դերակատարումը իր ձեռքը առնի։ Ի՞նչ հոգեւորականություն, ի՞նչ վարդապետություն, ի՞նչ ծխական, ի՞նչ համաշխարհային եկեղեցական խորհուրդ, ի՞նչ եպիսկոպոսաց ժողով, ի՞նչ դիվանապետ, ի՞նչ օծում, եթե կա մի մարդ, որի անունը Նիկոլ է, էլ ի՞նչ ձեւական բաների հետեւից ընկնել։
Փաշինյանն առաջարկում է քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշ տեղադրել, որովհետեւ պետությունն է հաստատել եկեղեցու դերը պետության մեջ, բայց թե ինչ պետություն է յոթ տարվա մեջ թողել, իրենով լինի ասում է խաղաղության համաձայնագրի համաձայն խաղաղ ենք ապրում ու երջանիկ։
Երբ ասում է, որ պետությունն է ստեղծել եկեղեցին, նա ենթադրում է, որ պետությունն էլ իրավունք ունի եկեղեցու հետ վարվել այնպես, ինչպես ուզում է։ Իսկ ո՞վ է պետությունը, այն էլ «նոր ու աննման անկախ» հենց ինքը նիկոլը. Սա տեխնոլոգիաների կիրառումներ են, այսպես ասած նաեւ փորձարկումներ։ Կստացվի կստացվի, չի ստացվի, այլ հնարքներով կփորձի պղծել հազարամյակների պատմություն ունեցող մեր ազգային եկեղեցին։
Ամենազավեշտալին, որ պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը «վերին» եւ «ներքին» պետությունների միջեւ։ Այստեղ «թարգմանչի» կարիք է զգացվում. Ո՞րն է վերինը, եւ ո՞րը՝ ներքինը։ Երեւի այս վեր ու վարն էլ մտնում է «չորրորդ Հանրապետության» քառակուսու մեջ, որ մենակ իր երեւակայությունն է թույլ տալիս հասկանալ ու ըմբռնել։
Այս մարդը ամեն ինչ անում է ժողովրդի նյարդերը շարժելու համար։ Համա ժողովուրդը դեռ քնած է, բայց որ արթնանա, սրբելու է, տանի։
Այսպես հանդարտ ու անվրդով էլ լսում ենք «իրական Հայաստանի» ղեկավարին ու ապրում հաշտ ու համերաշխ։ Մինչդեռ օրը ցերեկով մարդ են խոշտանգում, ու այսպես էլ ոչ մի պատիժ «չորրորդ հանրապետությունում»։ Դե խոշտանգելն էլ հո պոզով-պոչով չի՞, հո դա էլ ազատ խոսք ասել չի՛, չէ՞, որ խիստ վտանգավոր է, թե չէ ինչ կա, մարդ է էլի, կանցնի կգնա։ Ու այդպես էլ ապրում ենք... այս անավարտ գժանոցի պայմաններում... Որտեղ ընդդիմությունը լուռ է, հաշտված, որ 2026-ին գնում է «հաղթելու», իսկ մնացյալին վախեցնելով` կարելի է պարզապես ենթարկել իշխանության խաղի կանոններին ու անունը դնել «դեմոկրատիա»։
Փաշինյանի դուրը եկել է, որ Կճոյանը իր թանկ «արեւի» համար «պատարագ» է մատուցում, որոշել է Լուսավորչի գահին նստել. չկանգնել ու չհոգնել, իսկ ծնկի գալը իր համար չէ՛, պետք է ծնկի գա ազգը Հայոց նրա ոտքերի տակ, որպես «Ամենափրկիչ»։
Արթուր Հայրապետյան

Русский