Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Առանց անվտանգային մեխանիզմների՝ Հայաստանը գուցե մնա ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված, բայց առանց մեզ

Blog Image

Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ երբ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի, ապա անմիջապես Ուկրաինայում կհայտնվեն ՆԱՏՕ-ի ռազմածովային ու ռազմաօդային ուժերը, այնտեղ կտեղակայվի նաև հետևակ ու զինտեխնիկա։ Ավելի վաղ նման հայտարարությամբ էին հանդես եկել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, ինչն էլ նշանակում է, որ երբեք այդ խաղաղության համաձայնագիրը չի կնքվի, որովհետև պատերազմը սկսվել է հենց նրա համար, որպեսզի ՆԱՏՕ-ի զինված ուժերն Ուկրաինայում չտեղակայվեն։ Հետևաբար ռուս-ուկրաինական պատերազմը հավանական է շարունակվի այնքան, մինչև Ուկրաինայի վերջնական կազմաքանդումն ու կապիտուլյացիան։ Առնվազն Ռուսաստանում պետք է իշխանության գա Նիկոլ Փաշինյանը, որպեսզի այդքան զոհերից հետո կնքի խաղաղություն ու համաձայնի նրան, ինչը կարելի էր անել ի սկզբանե ու առանց զոհեր տալու։ 

Սակայն ակնհայտ է, որ այդ հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները, որը ձգտում է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանը։ Իհարկե, Թրամփի մոտիվացիան չպետք է դիտարկել պրիմիտիվիզմի տեսանկյունից, իբր պատերազմի դադարեցման նրա շարժառիթը Նոբելյան մրցանակի արժանանալն է։ Իրականում մենք թևակոխել ենք նոր աշխարհակարգի ձևավորման վերջնական փուլ ու աշխարհի քաղաքական բաժանման վերջին արարին։

Ընդ որում, աշխարհը բաժանվում է մի քանի խոշոր խաղացողների միջև, որից դուրս է մնում ԵՄ-ն, ինչն էլ կարող է հանգեցնել այդ աշխարհաքաղաքական միավորի փլուզմանը։ Հենց դրանով է պայմանավորված Ուկրաինային վերջնականորեն զոհաբերելու նրանց համառությունը։ Զոհել մեկ պետություն՝ աշխարհի բաժանումից իրենց փայն ունենալու ակնկալիքով, ու այդ համատեքստում էլ մենք ականատես ենք ԱՄՆ-Եվրոպա դեռևս ոչ այդքան բաց հակամարտությանը։ Բացի այդ, Թրամփն ամենևին էլ խելագար չէ, երբ ձգտում է Կանադան ու Գրենդլանդիան միավորել ԱՄՆ-ին։ Այդ ամենը հենց Միացյալ Նահանգներ ու ԵՄ քողարկված համակարտության արդյունքն է։ Հավանաբար շատերը երբեմն մոռանում են Կանադա-Մեծ Բրիտանիա պատմական կապը, ըստ որի, Անգլիայի թագուհին միաժամանակ հանդիսանում է նաև շուրջ 15 անկախ պետության, այդ թվում՝ Կանադայի Թագուհին։ Ուստի Թրամփի թիրախը ոչ այնքան Կանադային ինքնիշխանությունից զրկելն է, որքան Մեծ Բրիտանիանին ամերիկյան տարածաշրջանից օտարելը։

Բայց շատ չխորանալով նոր աշխարհակարգի ձևավորման դրսևորումներում՝ փաստենք, որ ցավալիորեն այդ բաժանմանը զոհ է գնում նաև Հայաստանը։ Այդ գործընթացի արդյունքում մեծ է վտանգը, որ մենք «կուլ կգնանք» թյուրքական աշխարհի կողմից, որի նախադրյալներն այս պահին բազմաթիվ են։ Իհարկե, հետահայաց գնահատականներով տարիներ անց մենք կմեղադրենք բոլորին, բացի ինքներս մեզնից, այդպես է առ այս պահն անվրեպ գործել մեր «քաղաքական միտքը»։ Բոլորը մեղավոր են եղել, բացի մեզնից, ու մենք մեզ փորձել ենք մխիթարել «մենք խաղաղ էինք մեր լեռների պես» գեղարվեստական զեղումներով։ Սակայն առաջին մեղավորը թերևս հենց մենք ենք, քանի որ չենք կարողացել ձևավորել այնպիսի քաղաքական մտածելակերպ, որն ի զորու կլիներ դիմակայել բոլոր մարտահրավերներին։ Նույն պատկերն է նաև այս պահին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն պարտված է ու ստորացված, այլև չի կարողանում ձևավորել պետական հստակ շահեր, որոնք կկարողանա համադրել խոշոր խաղացողների շահերի հետ, իսկ նրանց կամքի կատարումը պետական քաղաքականություն չէ, այլ գետի հոսանքին տրվել։ 

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե առանց անվտանգության մեխանիզմների՝ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաստատում է երաշխավորված խաղաղություն, սակայն մոռանում է, որ Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո հայերն այդ ժամանակ նույնպես շատ լավ հարաբերություններ հաստատեցին երիտթուրքերի հետ, ինչը կարճ ժամանակ անց մեզ չփրկեց ցեղասպանությունից։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել «ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններ» բառերը, տխմարաբանություն է, քանի որ երկրագնդի բոլոր այն երկրները, որոնք այսօր աղետի մեջ են, նույնպես ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված են, իսկ աղետի մեջ են հիմնականում բոլոր այն երկրները, այդ թվում Հայաստանը, որոնցում տեղի են ունեցել գունավոր հեղափոխություններ, քանի որ այդ «հեղափոխությունների» նպատակը ոչ թե տվյալ հասարակություններում «ժողովրդավարություն» հաստատելն էր, այլ նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում նրանց որպես մանրադրամ օգտագործելը։


Այդ արհավիրքը շուտ գիտակցեցին մեր հարևան վրացիները, ու ի բարեբախտություն իրենց, հրաժարվեցին նրանից, որն իշխանության էր եկել գունավոր հեղափոխության արդյունքում։ Ի դեպ, վրացիները միշտ են մեզնից լավ գիտակցել իրենց պետական շահ։ Վկան՝ Թուրքիային հանձնված Կարսը, երբ Անդրկովկասյան Կոնֆեդերացիայի գոյության ժամանակ Թուրքիան պահանջում էր Կարսն ու Բաթումը, սակայն վրացիները Չխենկելիի գլխավորությամբ կարողացան պահել Բաթումը, իսկ հայերը Կարսը՝ ոչ։

Ըստ այդմ, եթե մենք չենք ուզում դարը մեկ կրկնել մեր գրեթե անփոփոխ սխալները, պետք է ազատվենք Նիկոլ Փաշինյանից, պետք է ազատվենք գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության եկածներից, հակառակ դեպքում, գուցե մեր տարածքները այդպես էլ մնան ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված, սակայն առանց մեզ։

Կարեն Կարապետյան

Send