«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես, դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեաթերթիկը վճռորոշ է դարձել Վլադիմիր Վարդանյանի հաղթանակի համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ուղեկցվել է ներքին լարվածությամբ, դատավորների միջև ձևավորված տարբեր դիրքավորումներով և վերջին պահին տեղի ունեցած անսպասելի շրջադարձով։
Ինչպես նախօրեին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՍԴ-ում իրավիճակը գերլարված էր։ Թեև իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, վստահ էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում կընտրվի Վլադիմիր Վարդանյանը, դատարանի ներսում ձևավորված իրավիճակն ամենևին միանշանակ չէր։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին կայացած ընտրության ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Սակայն քվեարկության երկու փուլերում էլ թեկնածուներից ոչ մեկը չստացավ անհրաժեշտ ձայները, և ընտրությունը չկայացած համարվեց։
Նոյեմբերի 6-ին նշանակված նոր ընտրություններին ընդառաջ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Սահմանադրական դատարանի դատավորների շրջանում ձևավորվել էր մի խումբ, որը նպատակ ուներ նախագահի պաշտոնում տեսնել Էդգար Շաթիրյանին։
Մեր տեղեկություններով՝ այդ խմբում ընդգրկված դատավորների թվում էին Դավիթ Խաչատուրյանը, Սեդա Սաֆարյանը և ևս մի քանի դատավորներ։ Շաթիրյանը, ըստ մեր աղբյուրների, վստահ էր, որ իր օգտին անհրաժեշտ ձայներն ապահովված են, և իր թեկնածությունը պետք է հաղթանակ տանի։
Սակայն ընտրության օրը տեղի է ունեցել անսպասելի զարգացում։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ վճռորոշ դեր է ունեցել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեարկությունը։ Եթե նախորդ ընտրության ժամանակ նրա քվեարկությունն էական նշանակություն էր ունեցել Շաթիրյանի դիրքերի ամրապնդման հարցում, ապա այս անգամ իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շաթիրյանի օգտին քվեարկելու ակնկալիք կար նաև Խունդկարյանից, սակայն վերջինս վերջին պահին այդ անգամ քվեարկել է Վարդանյանի օգտին։
Արդյունքում ձայների հարաբերակցությունը փոխվել է, և Վլադիմիր Վարդանյանը կարողացել է առավելություն ստանալ ու ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։
Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերի 6-ի ընտրության առաջին փուլում կրկին որևէ թեկնածու անհրաժեշտ ձայները չի ստացել, իսկ երկրորդ փուլում Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ երկրորդ փուլում Վարդանյանը ստացել է հինգ ձայն։
Բայց ընտրության ավարտով ՍԴ-ում լարվածությունը չի ավարտվել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շաթիրյանի օգտին ձայներ ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրած դատավորների շրջանում ստեղծված իրավիճակը բավականին սուր է եղել։ Արդյունքից խիստ դժգոհ Էդգար Շաթիրյանը որոշել է հրաժարվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից։ Մեր տեղեկություններով՝ նա ընտրությունից հետո բավականին վրդովված և անտրամադիր է լքել Սահմանադրական դատարանի շենքը։
Շաթիրյանն իր դժգոհությունը հրապարակավ արտահայտել է նաև լրագրողների հետ զրույցում։ Նա հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն անհնարին է համարել փոխնախագահի պաշտոնում իր հետագա աշխատանքը՝ հաշվի առնելով «ձևավորված իրողությունները»։
Ավելին՝ Շաթիրյանի հայտարարությունը բավականին ուշագրավ քաղաքական և իրավական ենթատեքստ ուներ։
«Արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ», – հայտարարել է նա։
Շաթիրյանը նաև ընդգծել է, որ ընտրության ելքն իր համար առնվազն այդ օրը անկանխատեսելի չէր, իսկ շուրջ վեցուկես տարի անց, իր գնահատմամբ, տեղի է ունեցել «դարձ ի շրջանս յուր»։
Մյուս կողմից՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքել է դատավորների նկատմամբ ճնշումների մասին ենթադրությունները՝ հայտարարելով, որ որևէ անձի նկատմամբ ճնշում չի եղել, իսկ դատարանը որոշում է կայացրել գաղտնի քվեարկությամբ։
Այսպիսով, ՍԴ նախագահի ընտրությունը, որը պետք է լիներ ինստիտուցիոնալ հերթական գործընթաց, վերածվել է դատարանի ներսում դիրքավորումների և հակասությունների բացահայտման։ Իսկ Շաթիրյանի հրաժարականն ու նրա հրապարակային ակնարկները ցույց են տալիս, որ նոր նախագահի ընտրությունից հետո էլ Սահմանադրական դատարանի ներսում հարցերը փակված չեն։
Մնում է հասկանալ՝ ինչպիսի՞ն է լինելու դատավորների հարաբերությունների հետագա ընթացքը, և արդյոք այս ընտրությունը ՍԴ-ում նոր ներքին բաժանարար գծերի սկիզբը չէ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Русский