Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է դեպի Նյու Յորք․ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով LSEG ֆինանսական վերլուծական ընկերության տվյալները։
Տանկերը նավարկում է Մալթայի դրոշի ներքո։
Այս մատակարարումը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վառելիքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջին գործնական քայլն է։ Ռուսաստանը համաձայնել է հանել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները և ավելացնել մատակարարումները համաշխարհային շուկա, այդ թվում՝ դեպի Միացյալ Նահանգներ։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ին։ Դրանց հիմնական նպատակը վառելիքի գների նվազեցումն է, ինչը լուրջ մարտահրավեր է մնում ԱՄՆ շուկայի համար։ Բանակցություններից հետո Ռուսաստանը վերսկսել է դիզելային վառելիքի արտահանումը, որը նախկինում սահմանափակված էր երկրի ներսում վառելիքի պակասի պատճառով։
Մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր 40 000 տոննա տարողությամբ առաջին լցանավի պատրաստման մասին։ Նա նշել է, որ դրան կհաջորդեն նաև այլ նավեր։ Մոսկվան մտադիր է վառելիք մատակարարել ամերիկյան գնորդներին՝ կախված ռուսական նավթավերամշակման գործարանների կարողություններից։

Русский