Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի զինծառայող է ձերբակալվել ազգային անվտանգության մասին օրենքները խախտելու մեղադրանքով, հայտնել է Սքոթլանդ Յարդը։
Զինծառայող Թեդի Յանգը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին Բեդֆորդշիրի իր տանը, և տեղափոխվել Լոնդոնի ոստիկանական բաժանմունք։ 24-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «պաշտպանվող տեղեկատվության բացահայտման հետ կապված հանցագործություն կատարելու նախապատրաստման», ինչպես նաև «օտարերկրյա պետության շահերից ելնելով գործելու մտադրությամբ պաշտպանվող տեղեկատվություն ձեռք բերելու, պատճենելու, գրանցելու կամ պահպանելու» համար։
Ենթադրյալ իրավախախտումները տեղի են ունեցել 2024 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2025 թվականի մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում։ Մեծ Բրիտանիայի դատախազության տվյալներով՝ Յանգը գիտակցել է, որ իր գործողությունները «վնասակար են Միացյալ Թագավորության անվտանգության կամ շահերի համար»։
Լոնդոնի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Հելեն Ֆլանագանը հայտնել է, որ իրավապահ մարմինները հետաքննության շրջանակներում համագործակցում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ։ Սքոթլանդ Յարդն ընդգծել է, որ Յանգի ձերբակալությունը կապ չունի սեպտեմբերին Անգլիայի Գլոստերշիր կոմսության Ֆեյրֆորդ ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ահաբեկչության և պայթուցիկ նյութերի մասին օրենքները խախտելու կասկածանքով հինգ մարդ էր ձերբակալվել։

Русский