Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Այս ընտրությամբ Փաշինյանը փորձելու է Պիղատոսի նման լվալ ձեռքերն ու պատմության դատաստանի առջև կանգնեցնել հայ ժողովրդին

Blog Image

Ինչո՞վ է հասարակության համար տարբերվում այսօրվա՝ 2026 թվականի ընտրությունները, 2021 թվականի ընտրություններից։ Թեպետ քաղաքական, մարդկային ու բնության կանոններին հակասում էր 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը, քանի որ պատերազմ բերած ու պարտված իշխանությունը սովորաբար հեռանում է, բայց, այնուամենայնիվ, Փաշինյանին ձայն տվող ընտրազանգվածը կարող էր արդարանալ, որ իշխող ուժը ներկայացել էր Ադրբեջանի կողմից գրավված տարածքներն ու կորուստները հետ բերելու և Արցախի հարցը ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում լուծելու խոստումով։

Այդ ժամանակ դեռևս չէր եղել Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ողբերգական փաստը, չէր եղել ազգային արժեքներից ուրացումը, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը, պատմական հիշողությունը ջնջելու փորձերը, Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու քայլերը, «պատմական» ու «իրական» Հայաստանների հակադրումը, Ցեղասպանությունը մոռանալու փորձերը և այլն։

Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը ընտրությունների է գնում վերը նշվածների փաթեթով, ընդ որում անթաքույց։ Այսօր Նիկոլ Փաշինյանին ձայն տվողը կամա թե ակամա, քվեարկելու է Արցախի էջը փակելու, ազգային արժեքներն ուրանալու, պատմական հիշողությունը ջնջելու, Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու, Հայաստանը «պատմականի» ու «իրականի» բաժանելու և Ցեղասպանությունը մոռանալու օգտին։ Այսօր Նիկոլ Փաշինյանին ձայն տվողն ուզի, թե՝ չուզի, իր համաձայնությունն է տալիս Հայ առաքելական եկեղեցուն հարվածելու գործընթացին։

Մանիպուլացնելով ու սահմանային հրադադարը ներկայացնելով որպես հաստատված «խաղաղություն», հանրությանը շանտաժի ենթարկելով՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին փորձում է դարձնել պատասխանատու հետագա ողջ տեղի ունենալիքի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, այսուհետ նա յուրաքանչյուր մեղադրանքին հակադարձելու է, որ այդպես էր ուզում հայ ժողովուրդը։ Նա, ինչպես Պիղատոսը, փորձում է լվալ ձեռքերը պատմության դատաստանից ու մեղավորի աթոռին նստեցնել հայ ժողովրդին։

Եթե նա վերարտադրվեց, հունիսի 8-ին, ընտրությունների անմիջապես հաջորդ օրը հայտարարելու է, որ հայ ժողովրդի «երազանքն» է եղել ազատվել Արցախից ու ինքը կատարել է մարդկանց կամքը, որ Հայ ժողովրդին երբեք չենք հետաքրքրել ազգային արժեքներն ու պատմական հիշողությունը, ինքը իրականացրել է նրա միակ «իղձը», ուտելիք, ուտելիք ու ուտելիք։

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, հայ ժողովրդին փորձելու է զրկել ազգային ինքնությունից ու դիմագծից, նրանից կերտելով երազանքներից ու նպատակներից զուրկ սպառողական զանգված ու պատասխանատուն դարձնելու է հենց նույն հայ ժողովրդին, քանի որ որքան էլ իրականում այդպես չէ, սակայն վիզուալ ստացվելու է, որ այդ ամենն իրականացնելու մանդատը ինքը ստացել է հենց «զոհերից»։

Իհարկե, պատմության ու քաղաքականության մեջ չեն լինում, կամ գրեթե չեն անշրջելի իրադրություններ, սակայն եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա ստիպված ենք լինելու իրերը կոչել իրենց անուններով ու ասել, որ այո՛, թեկուզ ժամանակավորապես, բայց նման ազգակործան ու պետականակործան քաղաքականություն վարելու լեգիտիմ իրավունք Փաշինյանին տվել ենք ինքներս։

Կարեն Կարապետյան

Send