Թուրքիայի բնակիչների կողմից բարեկամական համարվող երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ Իսրայելը գլխավորել է թշնամական ընկալվող պետությունների ցանկը։
Այս տվյալները ստացվել են թուրքական «ASAL Araştırma ve Danışmanlık» հետազոտական ընկերության կողմից՝ 2026 թվականի օգոստոսին Թուրքիայում քաղաքական տրամադրությունների վերաբերյալ անցկացված ուսումնասիրության արդյունքում։
Մասնակիցներին հարց է ուղղվել. «Ինչպե՞ս կգնահատեք հետևյալ երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունները»։ Հարցվողներին առաջարկվել է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝ «բարեկամ», «թշնամի» կամ «կարծիք չունեմ/պատասխան չկա»։
Հարցումն անցկացվել է 2026 թվականի օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում՝ Թուրքիայի 26 նահանգներում բնակվող 2000 մարդու շրջանում։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել է համակարգչային աջակցությամբ հեռախոսային հարցազրույցի մեթոդը։ Նշված սխալի սահմանը կազմում է ±2,5 տոկոսային կետ՝ 95% վստահության մակարդակի դեպքում։
Ամենաբարեկամական երկրները
Ադրբեջանը զբաղեցրել է առաջին տեղը. հարցվողների 56,5%-ն այն համարել է բարեկամ երկիր։ Հարցվողների 24,9%-ը Ադրբեջանը համարել է թշնամական, իսկ 18,6%-ը դժվարացել է պատասխանել կամ պատասխան չի տվել։
Բարեկամական ընկալման առումով հաջորդ տեղերը զբաղեցրած երկրներն են․
Ճապոնիա՝ 50,2%
Չինաստան՝ 48%
Իտալիա՝ 46,7%
Գերմանիա՝ 45,3%
Իրան՝ 39%
Ռուսաստան՝ 38,4%։
Թուրքիայում թշնամի համարվող երկրները
Բացասական ընկալվող երկրների ցուցակը գլխավորել է Իսրայելը։ Հարցման մասնակիցների 84%-ն այն համարել է թշնամական երկիր, միայն 5,2%-ն է այն համարել Թուրքիայի բարեկամ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն. հարցվողների 70,5%-ն այն որակել է թշնամի, իսկ 16%-ը՝ բարեկամ։ Հունաստանը զբաղեցրել է երրորդ տեղը. 66,6%-ն այն համարում է թշնամական երկիր, իսկ Ցուցակում հաջորդիվ են․
Ֆրանսիա՝ 58,5%
Չինաստան՝ 42,6%
Գերմանիա՝ 42,4%
Ռուսաստան՝ 42%
Իրան՝ 41,9%
Իտալիա՝ 37,1%
Ճապոնիա՝ 37%
Ադրբեջան՝ 24,9%։
Որոշ երկրների վերաբերյալ կարծիքները գրեթե հավասարապես են բաշխվել։ Օրինակ՝ հարցվածների 38,4%-ը Ռուսաստանը համարում է բարեկամական երկիր, մինչդեռ 42%-ն այն ընկալում է որպես թշնամական։ Իրանի դեպքում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 39% և 41,9%։ Գերմանիան ավելի հաճախ է ընկալվել որպես բարեկամ. հարցվածների 45,3%-ն այն այդպիսին է համարել, մինչդեռ 42,4%-ը այն թշնամական է համարել։ Հետազոտության համաձայն՝ ամենամեծ տարբերությունը նկատվում է Իսրայելի պարագայում. այն որպես թշնամի և որպես Թուրքիայի բարեկամ ընկալող հարցվածների մասնաբաժինների միջև տարբերությունը կազմում է գրեթե 79 տոկոսային կետ։

Русский