Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների ոլորտում նոր կարգավորումներ կլինեն։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մի նախագծի, որով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը։
Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստում նշեց, որ զբոսաշրջային գործունեություն կարող են ծավալել այն ընկերությունները, որոնք կգրանցվեն միասնական հարթակում, որի շնորհիվ հստակ կերևա` որն է հյուրանոց, որն է հոսթել, որը` առողջարան։
«Էկոնոմիկայի նախարարությունն ընկերություններին կտա հավաստագրեր, իսկ եթե պարզվի` ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն»,- նկատեց Պապոյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը կնպաստի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։ Նախագծի ընդունմամբ կբարելավվի նաև զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունը։
Մարիաննա Արամյան

Русский