«Ես պաշտոնապես ասում եմ, ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, 21-րդ դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք»,- երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բջջային հեռախոսների IMEI կոդերի վերահսկողության նախաձեռնության մասին լրագրողի հարցին։
Վարչապետի համոզմամբ՝ այդ գաղտնիքներն ազնիվ խոսքի վրա են, որ «հորս արև», «հավատացե՛ք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության, ոչ սննդի նախընտրությունները, ազնիվ խոսք, պապայի արև, ընդհանրապես չգիտենք»։
Ըստ Փաշինյանի՝ այն, որ այդ հավաքված ինֆորմացիան կարող է գլոբալ օգտագործվել պետության և ժողովրդի դեմ, բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ երբ խոսվում է Հայաստանում IMEI կոդերի գրանցման մասին, մարդիկ ընդվզում են․ «Օտարերկրյա արտադրության սմարթ-հեռախոսներ, սմարթ-կոշիկ, սմարթ-կոստյում, սմարթ-ականջակալ՝ ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում՝ լսի՛, կարո՞ղ է ուրիշ տեղերում այս մեր տվյալները կարդում են: Բայց որ սեփական երկրում ասում են՝ հեռախոսը, որ ներմուծում եք, պետք է համոզվենք՝ մաքսանենգ ճանապարհով է, թե ոչ, հո՛պ՝ մեր անձնական տվյալները: Հենց իր պետությունն ասում է՝ այս մաքսանենգությանը պետք է վերջ տալ, ասում են՝ հո՛պ, անձնական տվյալները։ Այս ի՞նչ հակասություն է, ես չեմ հասկանում»։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի պնդումներին, ասաց, որ նախ՝ շատերին է մտահոգում անձնական տվյալների հավաքագրումը որևէ կառույցի կամ երկրի կողմից, այնպես չէ, որ դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ հետո՝ արտաքին կառույցների ու երկրների կողմից մեր մասին հավաքագրված տեղեկատվության օգտագործումն այն նույն ռիսկերը չունի, ինչ տեղական իշխանությունների կողմից հավաքագրվածը։ «Շատերին է մտահոգում և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում այն հանգամանքը, որ մեծ կորպորացիաները հավաքագրում են մեր մասին տվյալները։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ սոցիալական ցանցերի միջոցով է դա նաև արվում։ Դա շատ վատ է, իհարկե, բայց այս դեպքում մարդն ընտրություն ունի․ պարզապես կարող է չգրանցվել և չօգտվել սոցիալական ցանցերից ու սեփական տվյալները չտրամադրել այլ անձանց։ Երբ ՀՀ կառավարությունն է տվյալներ հավաքագրում, մենք, ուզենք թե չուզենք, մեր անձնական տվյալները հավաքագրվելու են։ Ընտրության տարբերակ չկա, եթե, իհարկե, այդ ընտրությունը չարվի մինչև կամայական այդ որոշումն ընդունելը։ Օրինակ՝ հասարակությունը կարող է դեմ դուրս գալ այդ խնդրահարույց նախագծին և թույլ չտալ այն ընդունել ու կիրառել»,- ասաց մեդիափորձագետը։
Նրա գնահատմամբ՝ մեր հասարակությունը մեծ մասամբ տվյալների հավաքագրման նախաձեռնությունների հարցում բավականին չեզոք է, այդ պատճառով էլ կառավարության ձեռքերը նման նախագծեր առաջ քաշելու և ընդունելու հարցում ազատ են, նրանք կաշկանդված չեն։ Այնինչ այդ նախագիծն ընդունելու դեպքում մարդիկ բավականին խոցելի են դառնալու, և, նրա կարծիքով, հանրային դիմադրությունը կարևոր է։
Սամվել Մարտիրոսյանը պարզաբանում է, որ եթե, օրինակ, «Մետան» է օգտատերերի տվյալները հավաքագրում, դրանք կարող է վաճառել տարբեր մարքեթինգային ընկերությունների, բայց առանց օգտատերերի անունները նշելու՝ զուտ գովազդային, կոմերցիոն նպատակով նրանց բնակության երկրի, նախասիրությունների, զբաղմունքի, հետաքրքրությունների մասին տվյալներ տալով։ Իհարկե, «Մետան» անհրաժեշտության դեպքում այդ տվյալները կարող է տրամադրել նաև ԱՄՆ հատուկ ծառայություններին։
«Բայց անգամ այդ դեպքում, եթե դիցուք ՀՀ քաղաքացին խնդիրներ ունի ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, բայց այդ երկրի վիզա ստանալու անհրաժեշտություն չունի, իր երկիրն էլ ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չէ, և ինքն էլ գեներալ չէ, մեծ հաշվով այդ տվյալների արտահոսքը կամ հավաքագրումը շատ մտահոգիչ չեն։ Իսկ երբ հարցը վերաբերում է սեփական կառավարության կողմից անձնական տվյալների հավաքագրմանը, ապա այդ դեպքում քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ, որովհետև, ինչպես սեփական ԱԱԾ-ն ձեր ծոծրակի հետևում է լինելու ամենուրեք, և եթե դու լրագրող ես, ընդդիմադիր հանրային կամ քաղաքական գործիչ ես, ապա քո տվյալները կարող են քո դեմ օգտագործվել»,- ձևակերպում է Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ հատկապես այդ ոլորտում մեր օրենսդրության բացերի ու թերի լինելու պայմաններում քաղաքացին անպաշտպան է լինելու։ Պարզվում է՝ անձնական տվյալների պահպանմանն առնչվող օրենսդրությունը պատիժների տեսանկյունից շատ թույլ է։
«Եթե տվյալների արտահոսք լինի ԵՄ որևէ երկրում, կամ եթե ԱՄՆ հատուկ ծառայությունները քաղաքացու տվյալներն անօրինականորեն օգտագործեն, լուրջ տույժերի ու պատիժների կենթարկվեն։ Դա անպայման իր հետևանքները կունենա։ Այստեղ նույն օրինազանցության համար ամենաբարձր տուգանքը 500 000 դրամն է, այն էլ միշտ չէ, որ այդ պատիժը կիրառվում է։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, երբ անգամ պետական կառույցներից անձնական տեղեկատվության արտահոսք է եղել, բայց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այնպես որ, այս առումով մտահոգություն կա մեր անձնական տվյալների պահպանման, պաշտպանության համար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օդանավակայանում արված գաղտնի տեսագրությունը ԱԱԾ-ի կողմից հանրայնացնելու դեպքը։
Նրա համար տեսագրության հրապարակումից առավել տարօրինակ ու անընդունելի էր երկրի առաջին դեմքի պարզաբանումը, այն դեպքում, երբ այդ երկիրը հավակնում է ժողովրդավարության լավագույն օրինակը դառնալ տարածաշրջանում։ Այդպիսի բովանդակությամբ պարզաբանում տալով՝ փաստորեն երկրի ղեկավարը խրախուսում է անձնական տվյալների անթույլատրելի հանրայնացումն ու դրանք տվյալ անձի դեմ անպատշաճորեն և անօրինականորեն օգտագործելը։ Երբ այս ամենը համադրում ես, հասկանում ես, որ ՀՀ կառավարության կողմից ցանկացած տվյալի հավաքագրում լուրջ մտահոգություն պետք է առաջացնի։
Ի դեպ, Փաշինյանն այնքան հանգիստ է խոսում այլ երկրների ու այդ երկրների կորպորացիաների ու հատուկ ծառայությունների կողմից իր երկրի քաղաքացիների տվյալների հավաքագրման մասին, ասես դա բնականոն երևույթ է։ Այնինչ երկրի իշխանությունները, կառավարությունը պարտավոր են մտահոգվել ու միջոցներ ձեռնարկել այդ տվյալների պաշտպանության համար։ Այդ հարցում նոր հեծանիվ հորինել պետք չէ. Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ դրա համար տարբեր մեխանիզմներ են կիրառվում այլ երկրներում։ Օրինակ՝ Բրազիլիան պահանջում է, որ «Մետան» Բրազիլիայի քաղաքացիների տվյալները պահի այդ երկրի տարածքում գործող սերվերների վրա և դուրս չհանի, որպեսզի չկարողանա այլ երկրների շահերի համար օգտագործել։
Թագուհի Ասլանյան

Русский