Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը շարունակում է մնալ Ադրբեջանի գլխավոր նախապայմաններից մեկը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Բաքուն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքը, իսկ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է և բաց է հանրության համար, սակայն այն կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից, Ադրբեջանի պնդմամբ, կհեռացվեն տարածքային հավակնությունները։
Ի՞նչ է նշանակում Բաքվի հերթական հայտարարությունը. արդյո՞ք սա նոր պահանջ է, թե՞ արդեն վաղուց ձևակերպված դիրքորոշման հերթական վերահաստատումը, և ի՞նչ զարգացումներ կարող են լինել, եթե Հայաստանը չգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի հայտարարությունը նոր չէ, այլ նախկինում բազմիցս հնչեցված պահանջի շարունակությունն է։ «Սա Ադրբեջանի հայտնի պահանջն է՝ Սահմանադրության և Անկախության հռչակագրի վերաբերյալ։ Սա, նախևառաջ, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, և, երկրորդ, աղավաղում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի բովանդակությունը, որովհետև այն չի պարունակում պահանջ կամ հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշեց քաղաքագետը։
Բադալյանի խոսքով՝ Բաքուն հետևողականորեն պահպանում է այս պահանջը որպես բանակցային գործիք և չի շտապում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Ադրբեջանը պարբերաբար խոսում է այդ պայմանի մասին, և մինչև այդ պայմանը չբավարարվի, խաղաղության պայմանագիր չի կնքի։ Սակայն Ադրբեջանը ոչ այնքան ցանկանում է այդ պահանջի արագ կատարումն ու խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան ցանկանում է այն օգտագործել որպես Հայաստանի նկատմամբ օրակարգ թելադրելու միջոց։ Հիմա հետընտրական շրջան է, և Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է Հայաստանի իշխանությունից ստանալ առավելագույնը՝ նախ այն աջակցության դիմաց, որն ուղղակի կամ անուղղակի դրսևորել է նախընտրական շրջանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու հարցում։ Բացի այդ, կօգտագործի նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանել է՝ ի հեճուկս հանրային կամքի։ Հանրային կամքը Հայաստանում ենթադրում էր բոլորովին այլ քաղաքական ստատուս քվո, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր միանձնյա հաղթանակի մասին, և դա, անկասկած, նրան դարձնում է առավել խոցելի։ Ադրբեջանը կփորձի օգտվել այդ հանգամանքից»,- ասաց Բադալյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը հրաժարվի Սահմանադրության փոփոխությունից, քաղաքագետը շեշտում է, որ այդ որոշումը պետք է կայացնի Հայաստանի հասարակությունը։
«Սահմանադրության փոփոխության հարցը որոշում է հայ հասարակությունը, իսկ հասարակության կարծիքն արդեն կախված է բազմաթիվ հանգամանքներից՝ քաղաքական ուժերի աշխատանքից, հասարակական ակտիվ խմբերի գործունեությունից և այն բանից, թե որքան արդյունավետ մարդկանց կբացատրեն իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։
Ալիտա Եղիազարյան

Русский