Հայաստանում քաղաքական իրականությունը նիկոլների ֆեյսբուքյան գրառումներն ու լայվերը չեն։ Ես նիկոլներին չեմ դիտարկում որպես իշխանություն։ Իշխանությունը ենթադրում է պատասխանատվություն, պետական մտածողություն և նվազագույն հաշվետվողականություն հանրության ու պատմության առաջ։ Այն, ինչ այսօր կրում է «իշխանություն» անվանումը, վերածվել է համակարգային վտանգի՝ Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և պատմական շարունակականության համար։ Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԺ պատգամավոր Մետքասե Հակոբյանը։
«Հայաստանի Հանրապետությունում իրենց իշխանություն հորջորջողները կառավարման գործիք չեն, այլ՝ ինքնանպատակ գոյություն ունեցող մեխանիզմ, որն իր գոյությունը պահպանում է պետության հաշվին։ Իրենք քաղաքական սուբյեկտ չեն, սպառնալիք են։ Նիկոլների պարագայում սա վաղուց քաղաքական գնահատական չէ, այլ փաստերի շղթայով ապացուցված իրողություն՝ հազարավոր զոհեր, Արցախի հանձնում ու հայաթափում, պետական ինստիտուտների կազմաքանդում, ազգային արժանապատվության համակարգված նվաստացում, հասարակության պառակտում։
Այս իրականության մեջ «իշխանություն–ընդդիմություն» լեզվով խոսելը ինքնախաբեություն է։ Այստեղ չկա քաղաքական մրցակցություն, կա գոյաբանական հակադրություն՝ պետություն կամ դրա վերջնական դատարկում։ Նիկոլները պետության անվտանգությունը փոխանակել են անձնական իշխանության պահպանման հետ, նրանք դուրս են լեգիտիմության ցանկացած սահմանից։ Հետևաբար հարցն այլևս «ով է հաջորդ իշխանությունը» չէ։ Հարցը՝ արդյոք Հայաստանը կկարողանա քաղաքական ու իրավական ճանապարհով չեզոքացնել այն վտանգը, որը ներսից քայքայում է իրեն։ Սա հեղաշրջման կամ բռնության կոչ չէ․ սա պետական ինքնապաշտպանության պահանջ է՝ հանրային ճնշման, իրավական պայքարի, քաղաքական համախմբման միջոցով։
Մենք կործանվում ենք ոչ թե արտաքին թշնամուց, այլ որ հասարակությունը շարունակում է իշխանություն անվանել այն, ինչն իրականում վտանգ է։ Այդ սահմանը վաղուց անցել ենք։ Եվ որքան ուշանանք, այնքան թանկ է լինելու գինը։
Այսօր չեզոքացվողը մարդ չէ, այլ մի քաղաքական վարքագիծ, մի մտածողություն, մի համակարգ, որը Հայաստանը տանում է անդունդի։ Իսկ դա չեզոքացնելը ոչ թե ծայրահեղություն է, այլ պատասխանատվություն՝ պետության ու ապագա սերունդների առաջ»։

Русский