Այսօր մայիսի մեկն է՝ աշխատավորների օրը և օրվա առիթով շնորհավորական ուղերձով հանդես է եկել երկրի վարչապետը՝ առիթը բաց չթողնելով իր իշխանությանը գովերգելու և նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար։
Այդպիսին է նարցիսիզմով տառապող Փաշինյանը, որն ուզում է ամեն ինչում առաջատարը լինել, և քանի որ գործնականում դա իր մոտ չի ստացվում, խոսելն էլ հո արգելված չէ։ Նրա խոսքերին հավատացող միամիտների պակաս էլ չկա։ Եվ այդ քաղաքացիների համար էլ այսօր նա հնչեցրել է հերթական ականջահաճո հայտարարությունը, թե իր ու իր թիմի շնորհիվ հնարավոր է եղել երկրում վերացնել ծայրահեղ աղքատությունը։ «․․․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես»,- իր ելույթում հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանից առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է նման պնդում արել, թե Հայաստանում վերացվել է ծայրահեղ աղքատությունը, իսկ Քաղաքացու օրն էլ լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտնել է, թե նաև աղքատությունն է աստիճանաբար նվազում․ «Ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացած է, համարյա հաղթահարված է, իսկ միջին գծի նկատմամբ աղքատությունն աստիճանաբար իջնում է։ Այդ ամենը մեր բոլորի ջանքերի շնորհիվ է՝ ՀՀ քաղաքացու, տնտեսվարողների և ՀՀ պետական բյուջեի»։ Ըստ նրա՝ քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում, վաղն ավելի լավ է ապրելու, քան այսօր։
Իհարկե, շատ լավ է, եթե երկրում իսկապես ծայրահեղ աղքատ ապրողներ չկան, իսկ աղքատներն էլ չնչին տոկոս են կազմում։ Թեև Հայաստանում այս պահին գոյություն ունեցող գրեթե 22 տոկոս աղքատությունը ամենևին չնչին տոկոս չէ։ Դա նշանակում է, որ մոտ 650 հազար քաղաքացի աղքատության ճիրաններում է ապրում։ Ի դեպ, 2023 թվականից հետո աղքատության հաշվարկման չափորոշիչները վերանայվել են, և եթե 2023 թվականին աղքատության մակարդակը 42,6 տոկոս էր, ապա հաջորդ տարի այն կտրուկ նվազել է՝ դառնալով 21,7 տոկոս, բայց իրականում ոչ թե աղքատության մակարդակն է այդքան նվազել, այլ հաշվարկման չափորոշիչներն են փոխվել։ Կարելի է ենթադրել, որ աղքատության սահմանումներն ավելի են մեղմացել, և եթե նակինում աղքատ էր համարվում, դիցուք, ամսական 100 000 դրամ եկամուտ ունեցող քաղաքացին, ապա վերանայվելուց հետո գուցե այդ թիվը դարձել է 70 հազար դրամ, և ավելի քիչ քաղաքացիներ են ընդգրկվել ծայրահեղ աղքատների ցանկում։ Մյուսները համարվել են աղքատ։
Ըստ սահմանման՝ աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է վերին ընդհանուր գծից (օրինակ՝ 2015-ին այն կազմել է 41 698 դրամ, իսկ հետագայում պարբերաբար վերանայվել է)։ Իսկ ծայրահեղ աղքատ են համարվում այն քաղաքացիները, որոնց եկամուտը բավարարում է միայն նվազագույն պարենային զամբյուղը հոգալու համար։ Մեզանում 2025 թվականի վերջին եռամսյակում համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 33 388 դրամ՝ մեկ շնչի հաշվով և 37 180 դրամ՝ մեկ մեծահասակի հաշվով:
Եթե իշխանությունների պնդումները, թե ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացել է, հիմնված են այս հաշվարկների վրա, այսինքն՝ ամսական 37 հազար դրամից ավելի եկամուտ ունեցողներն այլևս ծայրահեղ աղքատ չեն համարվում, ապա ակնհայտ է, որ դա հերթական մանիպուլյացիոն հայտարարությունն է։ Որովհետև պարենային զամբյուղի արժեքը հաշվարկելուց և ներկայացնելուց հետո այդ զամբյուղում ընդգրկված մթերքների շուկայական արժեքը կտրուկ ավելացել է և պարենային զամբյուղում ներկայացված գները վերանայման կարիք ունեն։
Պարենային զամբյուղի մթերքների գները արդեն կրկնակի, եթե ոչ եռակի աճել են և կոպիտ հաշվարկներով եթե մեկ տարի առաջ սովամահ չլինելու համար մարդուն 30- 37 հազար դրամը բավարար էր, ապա այսօր այդ թիվը պետք է կրկնապատկել, եթե ոչ եռապատկել։ Այդ դեպքում նվազագույն թոշակը՝ 45-50 հազար դրամն անգամ պարենային զամբյուղի մթերքներին չի բավարարի, չենք հաշվում լրացուցիչ ծախսերը՝ կոմունալ ծախսեր, ուղեվարձ, հագուստ և այլն, ինչ անհրաժեշտ է մարդու քիչ թե շատ արժանապատիվ կյանքի համար։
Փաշինյանը հաճախ է հիշեցնում, որ արդեն թոշակառուները կարող են առողջապահական նպատակներով գումար չծախսել և այդ գումարն ուղղել այլ նպատակների համար։ Փաշինյանը դեռ չի հասել թոշակի տարիքի և տեղյակ չէ, որ նախկինում թոշակառուների զգալի մասը խուսափել է առողջության համար գումարներ ծախսելուց, եթե կյանքին սպառնացող հիվանդություն չի ունեցել կամ էլ այդ գումարն իր գրպանից չի հոգացել, քանի որ մեծ մասամբ դա անհնար է եղել։ Կամ նախընտրել է ապրել տվյալ հիվանդության հետ հաշտ-համերաշխ կամ բարի մարդկանց, հարազատների օգնությամբ է հոգացել առողջության մասին, ի վերջո օգտվել է պետպատվերի հնարավորություններից։
Ասել կուզի՝ թոշակառուն առողջության մասին իր եկամուտի հաշվին հոգ չի տարել։ Եվ հիմա, երբ բժշկական ծառայություններն համընդհանուր ապահովագրության շնորհիվ անվճար են դարձել նրանց համար, թոշակառուներն այդ ծառայություններից օգտվում են ոչ թե խնայողությունների հաշվին, այլ պարզապես հիմա դրա հնարավորությունն ունեն անվճար, իսկ իրենց նախկին ծախսերը նույնն են պահպանվել։ Ավելի ճիշտ աճել են՝ գնաճով պայմանավորված։
Նման պայմաններում ծայրահեղ աղքատությունը ոչ միայն չի վերանա, այլ նաև կարող է աճել, որովհետև ծախսերի համար անհրաժեշտ գումարի սահմանագիծն աճում է, իսկ աշխատող մարդկանց զգալի մասի եկամուտները նույնն են պահպանվել, եթե հաշվի առնենք, որ մասնավոր հատվածում աշխատավարձերի վերանայում գոնե թե վերջին երեք-չորս տարում տեղի չի ունեցել։ Պետական հիմնարկներում ու թոշակառուների վերանայված եկամուտները հիմնականում բավարարում են գնաճը կոմպենսացնելու համար։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ հնարավոր չէ հատկապես մեր պետության նման երկրում աղքատությունը կամ ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անել։ Դա, նրա գնահատմամբ, վարչապետի կողմից հերթական մանիպուլյացիան է։ Իսկ աղքատությունն առհասարակ հնարավոր չէ վերացնել։ Տնտեսագետն ասում է, որ աղքատությունը կարելի է ամենացածր շեմի հասցնել, բայց վերացնել հնարավոր չէ։
«Ցանկացած հասարակության մեջ կան հարուստներ, միջին խավ և աղքատներ։ Եթե հնարավոր լիներ աղքատությունը կամ ծայրահեղ աղքատությունն ընդհանրապես վերացնել, ուրեմն պետք է պետական բյուջեի ռեսուրսները համաչափության սկզբունքով բաշխվեին, գործազուրկներ չլինեին, անապահով, նպաստ ստացող ընտանիքներ ևս չլինեին, բոլորը բնակարաններով, կայուն եկամուտով ապահովված լինեին։ Որևէ տնտեսությունում նման բան չի կարող լինել»,- ասում է տնտեսագետը։
Հայաստանում վերջին անգամ աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշները 2024 թվականին են հրապարակվել, որոնց համաձայն մեր երկրում մոտ 18-20 հազար քաղաքացի է ծայրահեղ աղքատ համարվում։ Դրանք այն մարդիկ են, որոնք ամսական 30-50 հազար դրամ եկամուտ են ունենում պաշտոնական տվյալներով։ Այդքան ցածր է սովորաբար թոշակառուների եկամուտը։ «Հայաստանում այսօր հնարավո՞ր է այդքան գումարով ապրել, անգամ գոյատևելն է դժվար։ Իսկ եթե այդ մարդը նաև անչափահաս երեխա կամ մեկից ավելի երեխա ունի, ապա դա բացարձակ անհնարին է։ Նման մարդիկ կամ ընտանիքները անպայման պետք է կողմնակի եկամուտներ ունենան՝ որևէ մեկն օգնի կամ բարեգործական ընկերությունների հոգածության տակ լինեն։ Նպաստը կամ ցածր թոշակը, որը տրամադրվում է թոշակառուին, նպաստառուին, չի կարող բավարարել ամսական նորմալ կենցաղավարության համար»,- հավելում է Մարտիրոսյանը։
Եթե մենք ձգտում ենք հայաստանցի միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակը հավասարեցնել եվրոպացի միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակին, ապա ՀՀ-ում պետք է աշխատավարձն անհամեմատ ավելի բարձր լինի, քան այսօր է, թոշակները, նպաստները՝ նույնպես։
Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ-ում կան ապրանքատեսակներ, որոնք շատ ավելի թանկ են այսօր, քան եվրոպական երկրներում։ Իսկ մեզանում մարդկանց գնողունակությունը գնալով նվազում է, փոխարենը ապրանքների գներն աստիճանաբար և անհամաչափ բարձրանում են։
«Մենք մոտ 700 հազար թոշակառու, անապահով և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ ունենք։ Նրանցից որոշ հատվածի եկամուտը 55 հազար դրամ է։ Իրենք կարո՞ղ ենք այդքան գումարով մեկ ամիս ապրել։ Իհարկե՝ ոչ, և բնականաբար նրանք համարվում են աղքատ կամ ծայրահեղ աղքատ։ Եթե քաղաքացին չի կարողանում ամեն ամիս իր ունեցած եկամուտից խնայողություն անել 10-15 տոկոս, նա համարվում է աղքատ։ ՀՀ քաղաքացիները իրենց ընտանեկան բյուջեի մոտ 70-80 տոկոսը ծախսում են սպառողական ապրանքներ ձեռք բերելու համար։ Զարգացած, կայուն տնտեսություն ունեցող երկրներում այդ նպատակով ընտանեկան բյուջեից ծախսվում է եկամուտի ընդամենը 25-40 տոկոսը։ Հետևաբար մենք չենք կարող ասել, թե բարեկեցիկ հասարակություն ունենք։ Հայաստանում բնակվող ընտանիքների քանի՞ տոկոսն է կարողանում իր ընտանեկան բյուջեն պրեֆիցիտով օգտագործել՝ գումար խնայելով։ Ընտանիքիների 5-10 տոկոսն է միայն կարողանում իր ընտանեկան բյուջեից խնայողություններ անել։ Հետևաբար մեր հասարակության 80 տոկոսը գոյապայքարի մեջ է»։
Թագուհի Ասլանյան

Русский