Եվրոպական Միության օրակարգում ներկայումս չկա Թուրքիայի՝ դաշինքին անդամակցելու բանակցությունների վերսկսման հարցը, Անկարա այցից առաջ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
«Իմ այցը Անկարա նպատակ ունի վերականգնել վստահությունը և գտնել մեր տնտեսական հարաբերությունները երկու կողմերի համար էլ ավելի շահավետ դարձնելու ուղիներ», - ասել է Կոսը Politico-ի եվրոպական հրատարակությանը։
Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պետք է «նոր հայացք նետի իր հարաբերություններին» Թուրքիայի հետ, սակայն բանակցությունների վերսկսում նախատեսված չէ։
Կոսի խոսքով՝ այցի հիմնական նպատակը կլինի «Թուրքիայի հետ ամուր գործընկերության կառուցումը», և որ «խաղաղությունն Ուկրաինայում կփոխի եվրոպական իրականությունը, հատկապես Սևծովյան տարածաշրջանում, և, հետևաբար, Անկարան կդառնա շատ կարևոր գործընկեր Բրյուսելի համար»։
Եվրահանձնաժողովը նախատեսում է ուրբաթ օրը ներկայացնել «Միջտարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջխաղացումը» ուսումնասիրությունը՝ Թուրքիայի, Կենտրոնական Եվրոպայի երկրների և Հարավային Կովկասի հետ։ Այն, ի թիվս այլ բաների, կուրվագծի տարածաշրջանների միջև տրանսպորտային և առևտրային միջանցքների զարգացման համար անհրաժեշտ ներդրումները։

Русский