Իսպանիայում սկսվել է վարորդների եռօրյա գործադուլ, որը միայն առաջին օրը հանգեցրել է ավելի քան 330 արագընթաց, ուղևորատար և մերձքաղաքային գնացքների ծառայության չեղարկման:
Գործադուլավորները բողոքում են երկաթուղիներում անվտանգության ցածր չափանիշների դեմ: Գործադուլի պատճառը հունվարին Կորդոբայում և Կատալոնիայում գնացքների ռելսերից դուրս գալն է եղել, հաղորդում է Bloomberg-ը:
Գործադուլը կազմակերպվել է Semaf արհմիության կողմից, որը ներկայացնում է Renfe ազգային երկաթուղային ընկերության և այլ երկաթուղային և ենթակառուցվածքային օպերատորների աշխատողներին: Միությունը նաև պահանջում է քրեական հետապնդում երկաթուղային ենթակառուցվածքների անվտանգության համար պատասխանատու անձանց նկատմամբ, նաև ամրապնդել երկաթուղային անվտանգությունը և վերանայել ճանապարհային անվտանգության մոնիթորինգի համակարգը։
Իսպանիայի տրանսպորտի նախարարության հետ բանակցությունները շարունակվում են հունվարի վերջից, բայց որևէ համաձայնության չեն հասել:
Իսպանիայում գնացքները օրական տեղափոխում են մոտ 1.4 միլիոն ուղևոր՝ կատարելով մոտ 5000 ուղևորություն: Իսպանիայում արագընթաց երկաթուղային գծերի երկարությունը գերազանցում է 3000 կիլոմետրը։
Հունվարի 18-ին Իսպանիայի Կորդոբա նահանգում գնացքը դուրս էր եկել ռելսերից: Մալագայից Մադրիդ մեկնող գնացքը բախվել էր Մադրիդից Ուելվա մեկնող մեկ այլ ուղևորատար գնացքի: Զոհվել էր առնվազն 46 մարդ, տասնյակները վիրավորվել էին: Կատալոնիայում հունվարի 20-ին մերձքաղաքային գնացքը բախվել էր գծերի վրա ընկած հենապատին և դուրս եկել ռելսերից: Մեքենավարը զոհվել էր, իսկ 37 մարդ՝ վիրավորվել:

Русский