Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Հանգիստ նստեք տեղներդ» էլ օյին չի

Blog Image

«Հանգիստ նստեք տեղներդ» էլ օյին չի։ Պետք է այլ բան մտածել, որ մի քիչ էլ «հանգիստը» շարունակվի...

Ավտորիտար կառավարման համակարգով շարունակել աշխատել, շարունակ բացատրություններից խոսափող ներկաները, կարծես, մոռացության են ուզում տալ այն յոթ երկար ու ձիգ տարիները, որ իշխող ավտորիտար համակարգը Հայաստանում արմատավորել է վախի ու բռնաճնշումների մթնոլորտ։

Այս իշխանությունները սովոր են միշտ իրենց վրայից գցել պարտականություններն ու պատասխանատվությունը նախորդների վրա, ինչով էլ միշտ աչքի է ընկել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Բայց էլ, կարծես, չի աշխատում իրենց արդարացնող սրտերը, որ ժամանակին մարդկանց մոլորեցնում էր։ 

Մատդ, որ պետական համակարգի վրա դնում ես, կոռուպցիայի հոտ է գալիս։ Սկսած պարգեւատրումներից, որը դարձրեցին «օրինական», վերջացրած այն կոռուպցիոն ռիսկերը, որի մասին ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է։ Օրինակ «ԱՆԻՖ»-ի գործը դարձել է իշխանության կողմից պարտակող ու ոչ մի կերպ  չբացահայտվող գործ, որը ոչ մի կերպ չեն ուզում բացահայտել, որովհետեւ գործ ունենք իշխանության ներսի շղթայական կոռուպցիայի հետ։ 

Երբ Նիկոլը ժամանակին խոսում էր համակարգային փոփոխությունների մասին տարբեր պետական համակարգերում, փաստորեն միակ բանը դա էր, որ իրագործեց. Հայտարարեց հայտարարելու համար, որ վերացրել է կոռուպցիան առհասարակ։ Բայց ամենը զուտ հայտարարության եւ մարդկանց ականջների համար։ Միայն իր քաղաքական թիմում քանի՞ հոգի պատասխանատվության ենթարկվեց հենց կոռուպցիայի մեջ մեղադրվելու համար։

Ազատվեց ազգային արժեքներից ու անցավ «իրական»-ին, որը ոչ միայն քայքայել է տնտեսության, այլ նաեւ անվտանգության համակարգը:

Իշխանությունը իրենց «աննախադեպ» «բարեկրթության» նորմերը առել է ու, դինջ-դինջ նստել է։ Թվում է, թե սրտիկներ օդ արտանետելն ու «կառնավալ»-ներ, «վարչաբենդ»-ներ կազմակերպելով` հասնելու են իրենց մուրազին։

Իսկ ընդդիմության անելիքները շատ են, ու պարտադիր պետք է ժողովրդին բացատրել, հասկացնել, որ այս ընտրությունները լինելու են Հայաստանի համար ճակատագրական։

Նիկոլի ընտրազանգվածը պարտադիր մասնակցելու է ընտրություններին։ Վարչական ռեսուրսի պարտադիր կիրառման ու այլ պետական  ծառայողները, որտեղ իշխող համակարգը կարող է վերահսկել, Նիկոլը կարողանալու է թիվ կրակել։

Պետք է հուսալքված մարդկանց հասկացնել, թե ինչո՞ւ է պետք պարտադիր մասնակցել ընտրություններին։ Համոզիչ ու սպառիչ հարցերի ու պատասխանների միջոցով։ 

Ինչ եկել ու չեն եկել, խոսում են քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու մասին, բայց առանց քաղաքական պատճառները հաշվի առնելով` չի վերանում երեւույթը, հետեւանքը մնում է։ 

Հայաստանում ապրող քաղաքացին պետք է հաստատի իր  «ժողովրդավարության» ներկան...  բարեկեցիկ կյանքով պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ երկրում իրոք իրավիճակ է փոխվել, եւ այդ իրավիճակի տերը մեկ մարդ է, եւ այդ մեկ մարդը Նիկո՛լն է, որը Հայաստանի բանտերում է պահում ազնիվ ու նվիրյալ հայորդիներին, բարձրաստիճան հոգեւորականներին, քաղաքական հետապնդումների գերին են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ։ 

Սահմանադրությամբ ամրագրված, Նիկոլի հագով կարած կոստյումի միջից դո՛ւրս եկեք, ընկերնե՛ր, օրենքը շրջանցող կամակատա՛ր ուժայիններ, մի՛ դարձեք Նիկոլի հրահանգների կատարողն ու ծառան։ Դուք մի ամբողջ Սահմանադրություն գլխի վրա շուռ եք տվել եւ գործում ու քայլում եք հակասահմանդրական ճանապարհով, որի իրավունքի տերը դուք եք։ Պարոնա՛յք, միապետական կառավարման համակարգը մի՛ վերածեք «դիկտատոր»-ի, որից արդեն, վախենում եմ, դուրս գալու շանսերը այնքան փոքրանան, որ կոստյումի թեւը ստիպված լինենք կտրել, որ թեւը չվնասենք։ 

Ժողովուրդը, ի՞նչ խղճով հույս դնի ձեր վրա, որ չի տեսնում այն դեմոկրատական ռեֆորմները, որ պետք է այս տարիների  ընթացքում արդեն կյանքի կոչված լիներ, բայց չէ, հանգստացնող խոսքերով եք կերակրում հանրությանը՝ «հանգիստ նստեք տեղներդ» ու չփորձեք մտածել։ Չագուչն ու մեխը ոչինչ չեն փոխելու ձեր կյանքում։ Չեք կարողանալու այլեւս մարդկանց դեմն առնել։

Բոլորին չեք կարող բանտերում պահել խոսքի համար, ինչքան էլ Եվրոպան աչքերը ամուր փակի, միեւնույն է մի աչք այս ամենը համակարգում է հարմար պահի համար։ 

Կարմիր բերետավորներին, ԱԱԾ աշխատողներին ամեն կիրակի պատարագներից առաջ հրամայել «շմոն» անել տարածքը, պաշտպանել մեկ մարդու անվտանգությունը, վրա տալու հրահանգներ սգացող մարդկանց վրա, ոստիկանությանը բացարձակ բարեփոխելու կարիք չի պահանջվում, որովհետեւ «բարեփոխումների» արդյունքում է, որ ունենք այս միապետական կարգերի պատկերը։

«Պաշտպանության» դիրքերից հանդես եկողներն էլ այնպես են հարձակողական պոզայով առաջ գալիս՝ հարձակվում, կարծես մենք վախենում ենք նրանցից... հարց է առաջանում, իշխանությանը հանրությունի՞ց եք փրկում։ Չէ, տիկնայք եւ պարոնայք չենք վախենում։ Մենք տարիներ ի վեր նեղության մեջ էլ ենք ապրել, ի՞նչ ասես, որ չենք տեսել, բայց ձեր իշխանության օրոք մենք նախկիններին երանի ենք տալիս։  Ձեզ մի աթոռ տրվեց ու մի հնարավորություն իշխելու, ու վե՞րջ։

Բա մարդը երեխա ճանապարհի բանակ, ու հույսը դնի ձեր «խաղաղության» վրա՞։ Թե՞ ոգեւորվի, որ վեց ամիս կրճատվել է ծառայությունն ու բավարարվի, ձեր «աննախադեպ անվտանգության» հայտարարություններով։ Թե իշխանության մեջ լինելն ու օգտագործել իշխանական ստատուսը հաճույք է, պետք լինի՝ դուք էլ հոգեգեշի կեցվածք կընդունեք, որ  չկորցնեք ձեր այդքան սպասված իշխելու ստատուսը, իսկ հարմար պահին կթռնեք՝ շառից-փորձանքից հեռու։ Ձեր տեսակը պետականամետ տեսակ չի, ոչ էլ հանուն պետության, այլ կոնկրետ բռնակալի։ Հասկանալի է, որ իշխանությունները միշտ էլ իշխանություն  ձեռքներն ընկնելու դեպքում, ինչ ուզել, այն էլ արել է, բայց որ ոչ պետության սահմանները նեղացնելու ու երկիրն ու ժողովրդին դավաճանելու գնով։

Հիմա հանգիստ կարող եք փակել, կողպել դռներն ու  գլուխկախ ենթարկվել «վերին» հրամաններին, որովհետեւ այլեւս արդարության համար կռիվ տվող չեք, այլ իշխանություն բանեցնող եք։

Բանակում, ո՞ր անհայտ պայմաններում զոհվածի գործն եք հայտնաբերել։ Որերորդ հունվարը անցավ, ի՞նչ եղավ «Ազատի» գործը, թե՞ միայն մի բուռ մոխիրը պետք է ծնողներին մխիթարեր։ 2018-ից, ինչ իշխանության եք, ասում եք, որ զինվորին լավ եք կերակրում։ Ստացվեց, որ ձեր պատկերացմամբ լավ զինվոր պահելը լավ կերակրելու մեջ էր, որ հետո հազարներով պետք է զոհեիք «Հանուն ոչնչի»։ 

Փաստորեն սնունդն էլ չփրկեց զինվորներին պատերազմի դաշտում. Ու այս տխուր իրականության մեջ ամեն մարդ իր դարդին ու ցավին։ Բայց դա չպետք է թույլ տալ, որ հունիսին մարդիկ ընտրության չգնան։ Հակառակը, պետք է մասնակցել ընտրության եւ որպես ընտրությունը հետեւանք` պահել ու հաստատել  պետության ու իրական անվտանգության ապահովումը։

Արթուր Հայրապետյան

Send