Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հռոմում տաքսու վարորդները բողոքի ակցիա են սկսել

Blog Image

Իտալացի տաքսու վարորդները երկուշաբթի օրը Հռոմում բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ վառելիքի գների աճի։ Նրանց խոսքով՝ թանկացումները սպառնում են իրենց աշխատանքի շահութաբերությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ակցիան ընթանում է Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության շենքի մոտ, որին մասնակցում է մոտ հարյուր մարդ։

Կազմակերպիչները իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել ոլորտին աջակցելու համար՝ մատնանշելով վառելիքի կտրուկ թանկացումը և դրա հետևանքով վարորդների եկամուտների նվազումը։ Արհմիության ներկայացուցիչները նախարարությանը փաստաթուղթ կներկայացնեն՝ շարադրելով վարորդների պահանջները։

«Մենք բազմիցս խնդրել ենք երկխոսություն սկսել և ստեղծել բանակցային հարթակ, սակայն դեռևս հաջողության չենք հասել։ Մենք ցանկանում ենք համագործակցել կառավարության հետ և լուծումներ գտնել այս ոլորտում աշխատողների համար»,- ասել է արհմիության ներկայացուցիչ Ռոբերտո Մասոլոն։

Նրա խոսքով՝ վառելիքի գների աճի հետևանքները երկար ժամանակ կզգացվեն, ուստի իշխանությունների կողմից կանխարգելիչ քայլեր ձեռնարկելը խիստ անհրաժեշտ է։ «Տաքսու վարորդ աշխատելու իմ 40 տարիների ընթացքում համոզվել եմ, որ նման իրավիճակները հաճախ ձգձգվում են՝ հանգեցնելով ոլորտում ներգրավված մարդկանց աղքատացմանը։ Մենք պետք է գործենք նախապես՝ չսպասելով, մինչև «հիվանդը» բուժման կարիք կունենա»,- նշել է նա։

Բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրում և անցկացվում է ոտքով. մասնակից վարորդներն ազատ են աշխատանքից, ընդմիջման կամ արձակուրդի մեջ են, ուստի հրապարակում տրանսպորտային միջոցներ չկան։ Մինչև անցյալ շաբաթվա վերջ Իտալիայում բողոքի ակցիաներ էին անցկացնում նաև բեռնափոխադրողները՝ դարձյալ վառելիքի թանկացման պատճառով։ Նրանք, մասնավորապես, փակում էին ճանապարհներն ու տրանսպորտային հանգույցները երկրի հարավում։ Այդ գործադուլները հանգեցրին շուկաներ և խանութներ ապրանքների մատակարարման խափանումների, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք օդանավակայաններում ավիավառելիքի պակասուրդի։

Send