Վաշինգտոնին Իրանի նոր առաջարկը «ավելի լավն է, քան մենք սպասում էինք», բայց ապագա համաձայնագիրը պետք է անհնար դարձնի Իրանի համար միջուկային զենքի ձեռքբերումը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն հրաժարվել է մեկնաբանել Իրանի առաջարկի ընդունելիությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կամ այն, թե ինչ կպատահի, եթե համաձայնագիր չկնքվի՝ դա թողնելով նախագահին։
«Բավական է ասել, որ միջուկային խնդիրն է պատճառը, որ մենք այս իրավիճակում ենք հայտնվել»,- ասել է Ռուբիոն «Fox News»-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագիրը «մնում է հիմնական խնդիրը»։
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը պնդել է, որ Թեհրանը «լուրջ փորձում է հասկանալ, թե ինչպես ավելի շատ ժամանակ շահել»։
Ռուբիոյի ասել է. «Նրանք շատ հմուտ բանակցողներ են, և մենք պետք է ապահովենք, որ ձեռք բերված ցանկացած գործարք, ցանկացած համաձայնագիր վերջնականապես խափանի նրանց՝ արագորեն միջուկային զենք մշակելու ձգտումը»։
ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ «դեռևս հարցեր են մնում այն մասին, թե արդյոք այս առաջարկը ներկայացրած անձը լիազորություն ուներ դա անելու… և ինչ է դա նշանակում»։
«Այստեղ խոչընդոտներից մեկն այն է, որ մեր բանակցողները ոչ միայն բանակցում են իրանցիների հետ… Այս իրանցիներն այնուհետև ստիպված են բանակցել այլ իրանցիների հետ՝ պարզելու համար, թե ինչի հետ կարող են համաձայնվել, ինչ կարող են առաջարկել, ինչ են պատրաստ ընդունել և նույնիսկ ում հետ են պատրաստ հանդիպել»։
Ռուբիոն նաև ասել է, որ «ԱՄՆ-ն ունի ցուցումներ», որ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ է, բայց կասկածի տակ է դրել, թե արդյոք նա ունի «հոգևոր լիազորություններ իրականում ծառայելու որպես Գերագույն առաջնորդ»։
Իրանի առաջարկած ծրագրի առաջին փուլը նվիրված է պատերազմի դադարեցմանը, Իսլամական Հանրապետության և Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններից խուսափելու երաշխիքներ ստանալուն։ Երկրորդ փուլում կողմերը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները, իսկ երրորդում՝ Իրանի միջուկային ծրագիրը։

Русский