Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Շնչառական վիրուսները դեռ ակտիվ են․ բժիշկները կոչ են անում պահպանել զգոնությունը

Blog Image

Հայաստանում այս օրերին արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդության միջին ակտիվություն։ Մասնագետների տվյալներով՝ ընդհանուր դեպքերի շուրջ 82.6 տոկոսը գրանցվում է 0–18 տարեկանների շրջանում, իսկ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է դիտվել 0–4 տարեկան երեխաների մոտ։

ՀՀ առողջապահական համակարգի մասնագետների խոսքով՝ իրավիճակը պայմանավորված է սեզոնային գործոններով և այս փուլում որևէ արտառոց կամ վտանգավոր զարգացում չի արձանագրվում։

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Անի Ղահրամանյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդության ակտիվությունը լիովին համապատասխանում է սեզոնային օրինաչափություններին։

«Սեզոնով է պայմանավորված հիվանդության ակտիվությունը։ Ամեն բան ընթանում է սեզոնին համահունչ, որևէ ռիսկային զարգացող իրավիճակ չունենք»,- նշեց Ղահրամանյանը։

Համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանի խոսքով՝ ներկայումս գտնվում ենք տարվա 11-րդ համաճարակաբանական շաբաթում, և տվյալները ցույց են տալիս, որ սուր շնչառական վիրուսային վարակների ակտիվությունը դեռ պահպանվում է։

«Այս պահին արդյունքները ցույց են տալիս միջին ակտիվություն։ Մենք դեռ գտնվում ենք սեզոնում, և սուր շնչառական վիրուսները շարունակում են ակտիվ լինել։ Հիմնականում հիվանդացությունը գրանցվում է 0–18 տարեկանների շրջանում, սակայն առավել ակտիվ է հատկապես 0–4 տարեկան երեխաների մոտ»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքով՝ փոքր տարիքի երեխաների բարձր հիվանդացությունը պայմանավորված է նրանով, որ նրանց իմունային և շնչառական համակարգերը դեռ լիովին ձևավորված չեն, ինչի պատճառով նրանք ավելի զգայուն են նման վարակների նկատմամբ։
Մասնագետները հիշեցնում են նաև կանխարգելիչ միջոցառումների կարևորության մասին։ 

«Ամենաարդյունավետ քայլերից մեկը գրիպի դեմ պատվաստումն է։ Բացի դրանից, կարևոր է պահպանել նաև մի շարք պարզ, բայց արդյունավետ կանոններ՝ հաճախակի օդափոխություն, ձեռքերի հիգիենա։ Կարևոր է նաև հնարավորության դեպքում երեխաներին չտանել մարդաշատ վայրեր»,- հայտնեց  Խաչատրյանը։

Համաճարակաբանը  նաև զգուշացնում է, որ եթե երեխայի առողջական վիճակը երկու օրվա ընթացքում չի կայունանում, անհրաժեշտ է դիմել բժշկի և դեղորայք օգտագործել միայն բժշկի ցուցումով։ 

Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը ներկայումս վերահսկելի է, սակայն հատկապես երեխաների առողջության հարցում անհրաժեշտ է պահպանել զգոնությունն ու հետևել կանխարգելիչ միջոցառումներին։

Ալիտա Եղիազարյան

Send