Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մոսկվայի և Երևանի միջև հարաբարությունների հետագա սառեցումը անխուսափելի է, եթե պահպանվի ներկայիս քաղաքականությունը

Blog Image

Փետրվարի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հանդիպումը դարձավ հայ-ռուսական հարաբերություններում կուտակված լարվածության հերթական արտահայտումը։ Հանդիպումն անցկացվեց այն ֆոնին, երբ Երևանն ակտիվորեն քննարկում է Եվրամիության հետ մերձեցման հեռանկարները, իսկ Մոսկվան բաց և կոշտ ձևակերպումներով հիշեցնում է գոյություն ունեցող կարմիր գծերի մասին։ 

Լավրովի հիմնական ուղերձն այն էր, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ը անհամատեղելի համակարգեր են։

«Շարունակվում են քննարկումներն այն մասին, թե ի՞նչն է ավելի կարևոր և օգտակար Հայաստանի համար՝ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների շարունակությո՞ւնը, թե՞ ԵՄ նորմերի ու չափանիշների ընդունումը: Մենք դրանց հետևում ենք։ Բայց դուք գիտեք մեր դիրքորոշումը: ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած ԵՄ-ին անդամակցելու հիմքում։ Սա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,- ասել է Լավրովը

Այս հայտարարություններից հետո Ալեն Սիմոնյանը փորձեց շեշտադրումները տեղափոխել ավելի մեղմ և հավասարակշռված հարթություն՝ ընդգծելով, որ Երևանը չի դիտարկում իր արտաքին քաղաքական քայլերը որպես որևէ դաշնակցի դեմ ուղղված գործողություններ։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանում ձևավորվի այն տպավորությունը, թե Երևանը քայլեր է ձեռնարկում Մոսկվայի շահերի դեմ, և բոլոր կուտակված հարցերը հնարավոր է քննարկել երկխոսության միջոցով՝ առանց կտրուկ որոշումների։ 

«Ես չեմ ուզում, որ այստեղ՝ Ռուսաստանում, լինի այնպիսի ընկալում, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել ընդդեմ Ռուսաստանի։ Ինչ-որ բան անել ընդդեմ Ռուսաստանի՝ որպես բարեկամական, դաշնակցային պետության, չնայած նրան, որ կան հարցեր, որոնք, բնականաբար, անհրաժեշտ է քննարկել»,- նկատել է Սիմոնյանը։

Սիմոնյանը միաժամանակ ընդունել է, որ հատկապես ՀԱՊԿ-ի շրջանակում կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը մինչ օրս չի ստացել իրեն բավարարող պատասխաններ։ Նա հիշեցրեց 2022 թվականի աշնանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ժամանակ կազմակերպության արձագանքի բացակայությունը՝ ընդգծելով, որ հենց այս հանգամանքն է ձևավորել Երևանի դժգոհությունների առանցքը։ Այդուհանդերձ, Սիմոնյանը շեշտեց, որ Երևանը չի հրաժարվում դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից և չի տեսնում իրավիճակը սև-սպիտակ գույներով։

Հանդիպումը տեղի ունեցավ նաև ներքաղաքական և հասարակական լարված ֆոնի վրա։ Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ, անցկացված բողոքի ակցիան ցույց տվեց, որ հայաստանյան ներքին հակասությունները դուրս են եկել երկրի սահմաններից և դարձել արտաքին քաղաքական գործընթացների ուղեկից։ Ռուսական կողմի համար սա ևս մեկ ազդակ էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը չունի համընդհանուր ներքին կոնսենսուս։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 5-ի հանդիպումը չբերեց կոնկրետ պայմանավորվածությունների, սակայն հստակեցրեց կողմերի դիրքորոշումները։ Մոսկվան շարունակեց խոսել կարմիր գծերի և համակարգային անհամատեղելիությունների լեզվով, իսկ Երևանը փորձեց պահպանել մանևրի դաշտը՝ չփակելով ո՛չ եվրոպական ուղղությունը, ո՛չ էլ ռուսական ռազմավարական գործընկերության դուռը։ Այս փուլում հայ–ռուսական հարաբերություններն ավելի շատ հիշեցնում են զգուշավոր փոխհավաստիացումների և ժամանակ շահելու գործընթաց, քան երկարաժամկետ լուծումների ճանապարհ։ Վերլուծաբանները կարծում են, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբարությունների հետագա սառեցումը անխուսափելի է, եթե պահպանվի ներկայիս քաղաքականությունը, և որ հնարավոր կարգավորումը կապված է Հայաստանի ներքին քաղաքականության փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրություններ արդյունքների հետ։

Ալիտա Եղիազարյան

Send