Կինոարտադրող Paramount ընկերությունը ստացել է դատարանի հավանությունը «Warner Bros.»-ը 110 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործարքի համար, գրել է Reuters-ը։
ԱՄՆ շրջանային դատավոր Արասելի Մարտինես-Օլգուինը հաստատել է սեպտեմբերի 21-ին ձեռք բերված համաձայնությունը 12 նահանգներից բաղկացած խմբի հետ (Կալիֆոռնիայի գլխավորությամբ)․ նրանք հայց էին ներկայացրել՝ փորձելով կասեցնել պատմության մեջ մեդիա ոլորտի խոշորագույն միաձուլումներից մեկը։ Հայցվորները պնդել էին, որ գործարքը կստեղծի «մենաշնորհատեր» և «մեդիահսկա», որն ի վիճակի կլինի բարձրացնել ֆիլմերի և հեռուստատեսային բովանդակության գները վերջնական սպառողների համար։
Համաձայնագրի պայմաններով՝ ընկերությունը պարտավորվում է հինգ տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 ֆիլմ թողարկել ԱՄՆ կինոթատրոններում և լրացուցիչ 300 միլիոն դոլար ծախսել ներքին արտադրության վրա։ Այս պայմանները չկատարելու դեպքում ընկերությունը կարող է ստիպված լինել վաճառել Miramax կինոստուդիան։
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է ընկերությանն առանձին բանակցություններ վարել երկու կառույցների ալիքների համար նախատեսված կաբելային հեռուստատեսության պայմանագրերի շուրջ, ինչպես նաև ստեղծել լրագրողների խորհուրդ՝ վերահսկելու «CBS News» (պատկանում է Paramount-ին) և CNN (նախկինում պատկանել է «Warner Bros.»-ին) հեռուստաընկերությունների գործունեությունը։
Դատավորը համաձայնագիրը բնութագրել է որպես «ողջամիտ փաստական և իրավական լուծում»։
Կալիֆոռնիայի արդարադատության դեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ համաձայնագիրը «լուծում է հակամենաշնորհային մտահոգությունները, պաշտպանում է մրցակցությունն ու սպառողների ընտրության հնարավորությունը, ինչպես նաև առաջնահերթություն է տալիս Կալիֆոռնիայի աշխատողների կարիքներին, մտահոգություններին և ապագային»։
Ընկերությունները նաև կարգավորել են Ամերիկայի սցենարիստների գիլդիայի (WGA) կողմից ներկայացված հակամենաշնորհային հայցը՝ համաձայնելով 17,5 միլիոն դոլար վճարել գիլդիայի առողջապահական հիմնադրամին և հինգ տարի շարունակ պահպանել WGA-ի անդամների զբաղվածության մակարդակը «CBS News»-ում։
Առանձին հայտարարությամբ Paramount-ը տեղեկացրել է, որ գործարքի ավարտից հետո Mattel-ի գլխավոր գործադիր տնօրեն Ինոն Կրեյզը կստանձնի ընկերության համագլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը՝ աշխատելով նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Էլինսոնի հետ համատեղ։
Ըստ Reuters-ի՝ ակնկալվում է, որ գործարքը կավարտվի երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին։

Русский