Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցը կորել է։ Այս մասին գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքը վերաբերում է թմրանյութով գլանակին, որը հայտնաբերվել է դեռ 2018 թվականին կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնող անձանցից մեկի պայուսակում։
MediaHub-ին Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը նշեց.
«Նախաքննության փուլում պաշտպանին հասանելի նյութերի ծավալից այդպիսի հանգամանք ինձ հայտնի չէ։ Արշակ Սրբազանի մասնակցությամբ այս ընթացքում գործողություններ չեն իրականացվել։
Ամենաուշը փետրվարի 4-ից մեկ օր առաջ մենք պետք է ունենանք նիստ։ Այդ նիստն ենթադրվում է, որ կլինի կալանքի ժամկետը երկարացման մասով»,- նշեց Բաբայանը։
Նշենք, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ՝ Արշակ Սրբազանը կալանավորվել է։ Ի դեպ, հենց Մասիս Մելքոնյանի որոշմամբ էլ կալանավորվել են Միքայել և Բագրատ սրբազանները։ Այս պահին կալանավորված է նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։

Русский