Լոս Անջելեսում բեռնատարը մխրճվել է իրանցի ցուցարարներին աջակցող ցույցի մասնակիցների մեջ, վարորդը ձերբակալվել է, հայտնել է «Los Angeles Times»-ը։
Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Վեսթվուդ թաղամասում, որտեղ հավաքվել էր շուրջ 3 հազար ցուցարար: Քաղաքային հրշեջ ծառայության տվյալներով՝ մեքենան հարվածել է մեկ հոգու, ով լուրջ վնասվածքներ չի ստացել: Բացի այդ, ցույցի ևս երկու մասնակիցներ բժշկական հետազոտություն են անցել դեպքի վայրում և հրաժարվել են հետագա բժշկական օգնությունից:
Բեռնատարի վարորդը ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից՝ նախքան իրավապահների կողմից ձերբակալվելը: Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Ռիչարդ Գեբելդոնի խոսքով՝ նա վնասվածքներ է ստացել: Գեբելդոնը նշել է, որ նախկինում դատվածություն չունեցող հանցագործին կարող է մեղադրանք առաջադրվել՝ մահացու զենքի կիրառմամբ հարձակման համար:
ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Բիլ Էսայլին հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղյակ է միջադեպի մասին, իսկ դեպքի վայրում աշխատում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները: «ՀԴԲ-ն գտնվում է դեպքի վայրում և համագործակցում է Լոս Անջելեսի ոստիկանության հետ՝ վարորդի դրդապատճառները պարզելու համար: Հետաքննություն է ընթանում, և լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես մենք կիրազեկենք հանրությանը»,- գրել է նա X-ում:

Русский