Վաղ առավոտյան Աննա Հակոբյանը տեսանյութ հրապարակեց, որով հայտնեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքացիական ամուսնությունը դադարեցրել է։
Տարածված տեսանյութում Հակոբյանը նշում է, որ չունի բնակարան և տեղափոխվում է վարձով ապրելու, մինչև հիփոթեքով գնված իր բնակարանը պատրաստ կլինի։
MediaHub-ը ուսումնասիրելով Աննա Հակոբյանի 2025 թվականին ներկայացրած հայտարարագիրը, որը վերաբերում է 2024 թվականին, նկատեց, որ տարվա սկզբում նա ունեցել է 2 բնակարան, որոնցից մեկը գնման եղանակով, մյուսը՝ ժառանգության։ Սակայն հաշվետու տարվա ընթացքում Հակոբյանը մեկ բնակարանը օտարել է (45 մլն 500 հազար դրամով), ինչպես և ինքը հայտարարեց տեսանյութում, բայց մյուս՝ ժառանգության եղանակով բաժնային սեփականության իրավունքով անշարժ գույքը շարունակել է հաշվետու տարվա վերջում գրանցված մնալ։
Նշենք նաև, որ Հակոբյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է Nissan, Renault, Vaz մակնիշի մեքենաներ։ Դրանք եղել են գնման եղանակով և պահպանվել են հաշվետու տարվա վերջում։
Հայտարարագրից երևում է՝ Աննա Հակոբյանը 2009 թվականին ձեռք է բերել բաժնեմասային արժեթղթեր, որի արժեքը հաշվետու տարվա սկզբում և վերջում կազմել է 25 հազար դրամ։
Նրա՝ հաշվետու տարվա ընթացքում հանձնված փոխառության գումարը կազմել է 49 մլն 350 հազար դրամ։ Տարեվերջում առկա փոխառության գումարը պահպանվել է։
Հակոբյանի բանկային ավանդների թիվը հաշվետու տարվա սկզբում կազմել է 0 դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 40 հազար դոլար և 10 մլն դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդը 0 դրամից տարվա վերջում դարձել է 3 մլն 622 հազար դրամ։
Հաշվետու տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարը կազմել է 8,500 դոլար և 650 հազար դրամ։
Աննա Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար դրամ։ Իսկ ահա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 44 մլն 415 հազար դրամ է։
Էմմա Մարտիրոսյան

Русский