Կառավարության օգոստոսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, անդրադարձավ երեք նախարարությունների անվանափոխության նախագծին և դրա պատճառներին։ Ի դեպ, նշենք, որ նախագիծը Կառավարության կողմից ընդունվեց, և առաջիկայում այն կներկայացվի նաև ԱԺ քննարկմանը։
Նշենք, որ նախագծով Արարատ Միրզոյանի ղեկավարած արտաքին գործերի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, հետևաբար Արարատ Միրզոյանն էլ կդառնա արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար։ Նախարարության անունը հապավումով ներկայացնելիս նախկին ԱԳՆ-ի փոխարեն կգրվի կամ կարտաբերվի ԱԳՄԱՆ։ Ինչ կա որ, ԿԳՄՍ-ին համարժեք հապավում է։ Միայն թե, եթե ԿԳՄՍ-ի դեպքում մի շարք նախարարություններ միավորվեցին մեկ գերատեսչության կազմում, ապա ԱԳՄԱՆ-ի դեպքում նույն գերատեսչությունը ստիպված կլինի նաև ներդրումների, դրսում առևտրատնտեսական գործընկերներ գտնելու և կապեր հաստատելու գործառույթ ստանձնել։
Իր որոշումը մասնավորապես այս նախարարության վերաբերյալ Փաշինյանը հիմնավորել է նրանով, որ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ է արտահայտվում նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը, սակայն ՀՀ ԱԳՆ-ի դեպքում այդպես չի եղել։ Ըստ նրա՝ Երրորդ հանրապետության գոյության ամբողջ ընթացքում ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ, տնտեսական օրակարգերի սպասարկումն այս համատեքստում չի ստացվել, մինչդեռ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների ամենօրյա աշխատանքի օրակարգում։
Այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության և Թուրքիայի հետ բարիդրացիական կապեր հաստատելու գործընթացի մեջ ներքաշվելուց հետո Հայաստանը պետք է հրաժարվեր ինչպես Արցախի, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության օրակարգից, պարզից էլ պարզ էր, մանավանդ որ իշխանության ներկայացուցիչները՝ թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի մակարդակներով նմանաբովանդակ հայտարարություններ էին անում։ Իսկ Արարատ Միրզոյանն ուղիղ խոսքով հստակ հասկացրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում այլևս առաջնային օրակարգ չէ։ Դե, Արցախի էջն էլ Հայաստանի համար մեկընդմիշտ փակելու մասին բազմիցս Փաշինյանն է նշել թե՛ ներքին, թե՛ միջազգային լսարանի առաջ իր ելույթներում։
ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին 2018 թվականի մարտի 23-ի օրենքով Արտաքին գործերի նախարարությանը վերապահված են գործունեության հետևյալ ոլորտները․
• միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացում,
• օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
• միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացում,
• համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկների ներկայացում,
• համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացում,
• պետական արարողակարգի ապահովում,
• պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում։
Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը: Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում:
Քիչ չէ՞ մի գերատեսչության և մի նախարարի համար, որի ուսերին հիմա էլ դրվելու է միջազգային առևտրի ոլորտը․ մի բան, որ Փաշինյանն իր տնտեսական բլոկի թիմով ամբողջությամբ տապալել է, բայց փորձում է մեղքը բարդել ընդդիմության վրա՝ ի լուր հայ գյուղացիական-ֆերմերային տնտեսությունների սեփականատերերի հայտարարելով, թե մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ Ռուսաստանի հետ ունեցած ներքին պայմանավորվածության արդյունք են ռուսական շուկայում սահմանափակումները հայկական արտադրանքի համար։ Դե, եթե այս բլոկը ևս դրվելու է Արարատ Միրզոյանի վրա, որպեսզի նա ընդդիմության ենթադրյալ, իսկ իրականում հենց Փաշինյանի ապաշնորհության պատճառով առաջացած տապալման տակից կարողանա որևէ ձևով դուրս բերել Հայաստանը, ապա ճիշտ չի՞ լինի պետական ծախսերը կրճատելու և պետական ապարատն ավելորդ ծանրաբեռնվածությունից թոթափելու համար փակել էկոնոմիկայի նախարարությունը և Գևորգ Պապոյանի բոլոր գործառույթները տալ Արարատ Միրզոյանին։ Կամ գուցե վիճակահանությամբ որոշվի՞, թե երկու միացված ոլորտները համակարգող գերատեսչությունն ով է ղեկավարելու, քանի որ նրանցից առանձնակի մասնագիտական ունակություններ ու պատրաստվածություն չի պահանջվում՝ դատելով նախարարության վրա դրված հավելյալ առաքելության մասին հապշտապ որոշումից։ Որքանո՞վ է Արարատ Միրզոյանը տիրապետում շուկայի ոլորտի նրբություններին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը MediaHub-ի հետ զրույցում ևս տարակուսանք հայտնեց, թե ինչի հիման վրա է տվյալ գերատեսչության անվանը կցվել նաև միջազգային առևտրի մասը, և ի՞նչ գործառույթներ են այդուհետ նախատեսվելու տվյալ գերատեսչության լրացուցիչ առաքելության մեջ։
«Եթե աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության անվանափոխությունն աշխատանքի և բարեկեցության նախարարության՝ ինչ-որ տեղ հասկանալի է․ կառավարությունն այդպիսով պոպուլիստական քայլ է անում՝ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանում մարդկանց բարեկեցությունն ապահովված է, ապա արտաքին գործերի նախարարության անվանափոխությունն անհասկանալի է․ չի հստակեցվում, թե այդ ուղղությամբ նախարարությունն ինչ քայլեր պետք է իրականացնի։ Մյուս կողմից էլ՝ գերատեսչության անվանափոխությամբ չէ, որ պետք է լուծվի, օրինակ, շուկայի դիվերսիֆիկացման լրջագույն խնդիրը։ Պետք է հստակ աշխատանք իրականացվի այդ ուղղությամբ, իսկ դատելով վերջին ժամանակաշրջանում հայ արտադրողների մոտ առաջացած՝ դեռևս անլուծելի մթերքի իրացման խնդիրներից՝ կարելի է վստահորեն ասել, որ կառավարությունն ի վիճակի չէ դա անել՝ անկախ այս կամ այն նախարարության անունը փոխելուց»,- կարծում է պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ «Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում առաջարկ էր ներառել արտաքին գործերի նախարարության անվան մեջ «սփյուռք» բառն ավելացնելու համար, որի համաձայն՝ այն դառնալու էր Արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն։ Նպատակը սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելն է։ Պատգամավորն ասում է, որ այդ երկու ոլորտները փոխկապակցված են, ուստի կապը տրամաբանական է։ Իսկ կառավարության առաջարկը շատ վերացական է․
«Ի՞նչ պիտի արտգործնախարարությունն անի՝ անհասկանալի է։ Ինչու դրանով չի զբաղվում էկոնոմիկայի նախարարությունը՝ դա ևս անհասկանալի է։ Բարդ խնդիրներին պարզունակ լուծումներ տալու քաղաքականությունը ցույց է տվել, որ որևէ արդյունքի չեն կարողանալու հասնել»,- իր խոսքը եզրափակեց «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը։
Թագուհի Ասլանյան

Русский