Խաղաղության մասին խոսվում է, փաստաթղթեր են ստորագրվում, հեռախոսազրույցներ են տեղի ունենում, իսկ Բաքվից հնչող բառապաշարը գնալով ավելի կոշտ է դառնում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքից»՝ այն ներկայացնելով ոչ թե պարզապես որպես տարածաշրջանային հաղորդակցության նախագիծ, այլ որպես Ադրբեջանի վաղուց փափագած նպատակ։ Ալիևի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը Ադրբեջանի նախաձեռնությունն էր, և Բաքուն այդ նպատակին հասնելու ճանապարհին արդեն բավական մոտ է։ Ադրբեջանի նախագահը մեկ այլ ձևակերպում էլ է արել՝ հայտարարելով, որ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապելը եղել է իրենց վաղեմի երազանքը։
Բայց այստեղ մի կարևոր հարց է առաջանում․ եթե տարածաշրջանում իսկապես ձևավորվում է խաղաղության նոր էջ, ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը միաժամանակ այդքան ընդգծված խոսում «հաղթանակի», «երազանքի», «նախաձեռնության» և Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին։ Արդյո՞ք սրանք պարզապես ներքին լսարանին ուղղված քաղաքական հայտարարություններ են, թե՞ Բաքուն փորձում է նաև Հայաստանի հասարակությանը փոխանցել իր պատկերացումն այն մասին, թե ինչ պայմաններում է ձևավորվում այս նոր տարածաշրջանային իրականությունը։ Եվ այստեղ արդեն կարևոր է հասկանալ՝ իրականում ի՞նչ է կանգնած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման հետևում։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրով կողմերը համաձայնել էին Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցության ապահովման շուրջ, իսկ TRIPP նախագծի շրջանակում նախատեսված է ճանապարհ Հայաստանի տարածքում՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության համատեքստում։ Բայց Բաքվի քաղաքական հռետորաբանությունը ցույց է տալիս, որ այս ճանապարհը Ադրբեջանի համար միայն ճանապարհ չէ։
«Խնդիրն այն է, որ այն հայտարարությունը, որտեղ Ալիևն օգտագործում է «կապիտուլյացիա» բառը, առաջին հերթին արվում է իրենց հանրության համար։ Եվ մեծ հաճույքով նրանք կանեին այնպես, որ այդ հայտարարությունը չհասներ Հայաստան։ Որովհետև «կապիտուլյացիա» բառը Հայաստանի հանրության համար պետք է ինչ-որ ձևով փոխի վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում։ Իրականում այդ TRIPP նախագիծը, որով Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ անցնի, և որը պետք է գործի պաշտոնական Երևանի իրավազորության ներքո, այլ նպատակ էլ ունի։ Բաքուն հիմա ասում է, որ իրեն անհրաժեշտ է ուղիղ ճանապարհ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան։ Բայց իրականում Ալիևի խնդիրը միայն ճանապարհը չէ։ Նա ուզում է այդ ցանցում գլխավոր խաղացողներից մեկը լինել։ Ալիևը փորձում է ի կատար ածել ուղիղ կապ ստեղծելու իր քաղաքականությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ։ Եվ այդ պարագայում նրա համար անչափ կարևոր է, որպեսզի այդ ճանապարհն անցնի Ադրբեջանի միջոցով, որպեսզի ինքը դառնա այդ գլոբալ աշխարհաքաղաքական խաղի գլխավոր խաղացողներից մեկը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։
Ու հենց այս համատեքստում է ուշագրավ դառնում նաև Կենտրոնական Ասիայի արձագանքը։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև միջպետական խորհրդի նիստում Վաշինգտոնի հանդիպումն ու դրա արդյունքում ստորագրված համատեղ հռչակագիրն անվանել է Ալիևի անձնական դիվանագիտության «փայլուն հաղթանակ»։ Սա արդեն միայն Երևանի ու Բաքվի հարաբերությունների մասին չէ։ Սա նաև այն մասին է, թե ով է կարողանում իր շուրջ ձևավորել տարածաշրջանային և ավելի լայն՝ թյուրքական աշխարհի տնտեսական ու քաղաքական կապերի ցանցը։
«Ուզբեկստանի հետ կապված՝ մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչ քայլեր է ձեռնարկում Ասիայի թյուրքալեզու պետությունների հետ կապեր հաստատելու ուղղությամբ։ Հիմա էլ տեսնում ենք, որ պաշտոնական Տաշքենդն ու Բաքուն իրար ռևերանսներ են անում։ Այս ամենը պատահական չէ։ Ադրբեջանը փորձում է իր տնտեսական, տրանսպորտային և քաղաքական ազդեցությունը կապել Կենտրոնական Ասիայի հետ։ Եվ եթե այդ ճանապարհային ցանցի կարևորագույն հանգույցներից մեկը դառնում է Ադրբեջանը, ապա Բաքուն ստանում է շատ ավելի մեծ քաղաքական կշիռ»,- ասաց վերլուծաբանը։
Այս ամբողջ գործընթացում ամենակարևոր հարցը շարունակում է մնալ Հայաստանը։ Խաղաղության օրակարգը ներկայացվում է որպես տարածաշրջանի նոր իրականություն։ Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի հանդիպման առաջին տարեդարձի օրը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը նշել են վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների կարգավորման առաջընթացը, քննարկել տնտեսական կապերն ու TRIPP-ի իրականացման ընթացքը։ Միաժամանակ Բաքվում շարունակում են պահվել հայկական կողմի ներկայացուցիչներ ու այլ հայ կալանավորվածներ։ Օգոստոսի սկզբին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ նրանց վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է ամեն օր։
Այսինքն՝ խաղաղության մասին պաշտոնական հայտարարություններին զուգահեռ մնում են նաև չլուծված հումանիտար և քաղաքական խնդիրները։ Եվ այստեղ հարցը ոչ միայն այն է, թե ինչ է ասում Ալիևը, այլև այն, թե ինչ է պատրաստվում անել Հայաստանն այդ պայմաններում։ Քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը կարծում է, որ Երևանի դիրքորոշումն ի սկզբանե բավականին սխալ ուղղությամբ էր ընտրված։
«Հայաստանը պետք է սեպի պես խրված լիներ թյուրքալեզու պետությունների միավորմանը խանգարող գործընթացների մեջ։ Եվ դա շատ կարևոր էր թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար, քանի որ հենց նրանք են այդ տարածաշրջանում խոշոր խաղացողները։ Այս ամենի մեջ Հայաստանը պետք է կարողանար հանդես գալ որպես ինքնուրույն խաղացող։ Բայց այսօր Հայաստանի կառավարությունն այդ ամենի մեջ ոչ թե խաղացող է, որը նստած է սեղանի շուրջ, այլ, իմ գնահատմամբ, սննդի պատառ»,- ասաց Վանեսքեհյանը։
Իսկ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցը, որի պաշտոնական հաղորդագրության մեջ կողմերը խոսում են խաղաղության առաջընթացի, տնտեսական համագործակցության և TRIPP-ի մասին, վերլուծաբանի գնահատմամբ՝ ինքնին դեռ չի նշանակում, որ քաղաքական հակասություններն սպառվել են։
Վանեսքեհյանի գնահատմամբ՝ սա քաղաքական թատրոն է, որն առանց իրական երաշխիքների և ուժերի հարաբերակցության փոփոխության լուրջ քաղաքական նշանակություն չունի։
Ալիտա Եղիազարյան

Русский