Անկարան բազմիցս փորձել է կանխել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր պատերազմը, սակայն Թեհրանը չի հասկացել Վաշինգտոնում տիրող մթնոլորտը, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գրել են ԶԼՄ-ները։
Ֆիդանը նշել է, որ երկխոսության վերականգնման առաջին քայլերը ձեռնարկվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հունվարի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Ֆիդանը հայտարարել է, որ Էրդողանն առաջարկել է եռակողմ հեռաժողով անցկացնել Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի միջև, և որ Վաշինգտոնն ընդունել է առաջարկը, իսկ Թեհրանը մերժել է այն։ «Եթե իրանական կողմը ընդուներ եռակողմ հանդիպման առաջարկը, դա կլիներ շրջադարձային պահ։ Որովհետև մենք գիտեինք, որ բանակցային գործընթացն ավարտվում է, և անհրաժեշտ է վճռական միջամտություն իրավիճակը փոխելու համար», - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Դիվանագետի խոսքով՝ փետրվարին ԱՄՆ-Իրան հակամարտության շուրջ մթնոլորտը չափազանց լարված է դարձել։ Անկարայի և Վաշինգտոնի միջև այդ ժամանակվա շփումների ժամանակ ԱՄՆ-ն Իրանին հարվածելու որոշում կայացնելու եզրին է եղել։ «Բոլոր շփումները պատերազմի, անխուսափելի հարձակման մասին էին», - ասել է Ֆիդանը։
Ֆիդանը պատմել է, որ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից երեք օր անց Ստամբուլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, ընդգծել է, որ ամերիկացիները ցանկացել են իրանցիների հետ քննարկել չորս հարց, սակայն Թեհրանը մերժել է առաջարկը։
Նախարարի խոսքով՝ դրանից հետո իրանցիները վերադարձել են նախկին ձևաչափին և, մերժելով տարածաշրջանային երկրների՝ Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի և Հորդանանի միջնորդությունը, երկկողմ բանակցությունների համար ընտրել են Օմանը։
Օմանում մի քանի փուլից հետո՝ փետրվարի 27-ին, Ֆիդանը «հասկացել է», որ իրերը դրական ուղղությամբ չեն շարժվում։ «Իմ կարծիքով, եթե իրանցիները ճիշտ գնահատեին նախագահ Թրամփի ճնշումը և ընդունեին նրա որոշ առաջարկներ, պատերազմի ռիսկը կարող էր նվազել», - հավել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Русский