Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է փակել «Աղի լիճը» այցելուների համար և սկսել «բարեկարգման» անվան տակ իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք փաստացի ոչնչացնելու են լճի բնական միջավայրը։
MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանին, ով նշեց, որ «Աղի լճի» տարածքը ոչ թե քանդում են, այլ բարեկարգում։
«Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։ Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով»,- ասաց Ազարյանը։
Նա հավելեց, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։ Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։
Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»,- հայտնեց Ազարյանը։
Մարիաննա Արամյան

Русский