Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին հանրապետության տարբեր համայնքներում և մարզերում կազմակերպվել են տոնական միջոցառումներ ու համերգային ծրագրեր։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ևս նախատեսված էր տոնական համերգ՝ նվիրված ինչպես Անկախության տոնին, այնպես էլ Վարդենիսի օրվան։
Նախապես հրապարակված ծրագրի համաձայն՝ համերգին նախատեսված էր նաև երգչուհի Սոֆի Մխեյանի ելույթը։ Երգչուհին իր սոցիալական էջերում նախապես տեղեկացրել էր Վարդենիսում կայանալիք համերգին մասնակցելու մասին։ Սակայն միջոցառումից մի քանի օր առաջ նրա ելույթը հանվել է ծրագրից։
«Համերգից 2 կամ 3 օր առաջ տեղեկացրել են, որ Սոֆիի մասնակցությունը չեղարկվել է։ Մենք չգիտենք՝ որն է եղել պատճառը, այնուամենայնիվ, չենք էլ ուզում ենթադրություններ անել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց երգչուհու մենեջերը։
Ինքը՝ Սոֆի Մխեյանը, սեպտեմբերի 20-ին սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել էր ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ իր մասնակցությունը չեղարկվել է ոչ իր նախաձեռնությամբ և առանց հստակ պատճառաբանության։ «Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես։ Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է, և ես ներկա չեմ»,- գրել էր երգչուհին։
Մխեյանը նաև իր հրապարակման մեջ շեշտել էր, որ Անկախության տոնը, իր ընկալմամբ, կապված է ազատության և սեփական որոշումների իրավունքի հետ։ «Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ»,- նշել էր նա։
Միաժամանակ երգչուհին իր հրապարակումը չէր ավարտել որևէ մեղադրանքով՝ ընդգծելով, որ դեռ առիթներ կլինեն Վարդենիսի բնակիչների հետ հանդիպելու։ «Մինչև երեկ մենք բանակցում էինք համայնքապետարանի հետ, սակայն, առանց որևէ պատճառ նշելու, ծրագրից հանվել է Սոֆիի մասնակցությունը։ Այլ բան ասել չեմ կարող»,- եզրափակեց մենեջերը։

Русский