Դանիան օկուպացրել է Գրենլանդիան՝ խախտելով ՄԱԿ-ի նորմերը, հայտարարել է կղզու հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջեֆֆ Լենդրին։
«Պատմությունը կարևոր է: Միացյալ Նահանգները պաշտպանել է Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մինչդեռ Դանիան չէր կարողանում դա անել: Պատերազմից հետո Դանիան վերաօկուպացրեց այն՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը»,- հայտարարել է Լենդրին։
ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Ջեսպեր Մյոլլեր Սյորենսենը պատասխանել ու նշել է, որ «պատմությունը կարևոր է», բայց ընդգծել, որ կղզու ապագան պետք է որոշեն դրա բնակիչները:
«Դանիայի թագավորությունը միշտ ուս-ուսի է կանգնած եղել Միացյալ Նահանգների հետ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո մենք արձագանքեցինք ԱՄՆ կոչին։ Մենք մեկ շնչի հաշվով ավելի շատ զինվորներ ենք կորցրել, քան ՆԱՏՕ-ի որևէ այլ երկիր։ Փաստերը նույնպես կարևոր են. դարեր շարունակ Գրենլանդիան թագավորության մաս է կազմել, որը բազմիցս ճանաչվել է ամերիկյան վարչակազմերի, ՄԱԿ-ի և միջազգային մակարդակով», - գրել է դիվանագետն X-ում։
Սյորենսենը նշել է, որ գրենլանդացիների ճնշող մեծամասնությունը ընտրել է թագավորության կազմում ինքնավարության ուղին։ «Գրենլանդիայի խորհրդարանի բոլոր հինգ կուսակցությունները վերահաստատել են իրենց դեմ լինելը կղզու՝ Միացյալ Նահանգների մաս կազմելուն», - շեշտել է նա։
Դիվանագետն ասել է, որ Դանիան, Գրենլանդիան և Միացյալ Նահանգները վերջին 80 տարիների ընթացքում հաջողությամբ համագործակցել են Արկտիկայում անվտանգության հարցերով, ու կոչ է արել շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հիմնված գործընկերության և դաշնակցության վրա։

Русский