ԱՄՆ Պետական դեպարտամենտը վերացրել է Սիրիա պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման սահմանափակումները։ Այսուհետ հայտերը կդիտարկվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին։
Ըստ Պետդեպարտամենտի՝ «Զենքի շրջանառության միջազգային կանոնակարգում» (ITAR) կատարված փոփոխությունների արդյունքում Սիրիան հանվել է այն երկրների ցանկից, որոնց նկատմամբ գործում էր պաշտպանական նշանակության արտադրանքի և ծառայությունների արտահանման ու ներկրման լիցենզիաների տրամադրման արգելք։
ԱՄՆ Դաշնային գրանցամատյանում (Federal Register) հրապարակված վերջնական որոշման մեջ նշված է, որ փոփոխություններն իրականացվել են ի կատարումն պաշտպանական առևտրի քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի կողմից 2026 թվականի օգոստոսի 19-ին ընդունված նոր որոշման։
Նոր քաղաքականության համաձայն՝ Սիրիա պաշտպանական նշանակության արտադրանքի և ծառայությունների փոխանցման վերաբերյալ հայտերը կդիտարկվեն ու լիցենզիաներ կտրամադրվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ փոխարինելով նախկինում համատարած մերժման քաղաքականությունը։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ կարգավիճակի այս փոփոխությունը հնարավոր է դարձել անհրաժեշտ իրավական պայմանների կատարումից հետո, այդ թվում՝ Սիրիային ահաբեկչությանը հովանավորող պետություն ճանաչելու որոշման չեղարկման և ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված որոշակի սահմանափակումների կիրառումից հրաժարվելու միջոցով։
ԱՄՆ-ն առաջին անգամ Սիրիայի հետ պաշտպանական առևտրի սահմանափակումներ էր սահմանել 1979 թվականի դեկտեմբերի 29-ին։

Русский