Գրողների միության գրական երիտասարդական թերթի՝ «Գրեթերթ»-ի ֆինանսավորումը դադարեցվել է, այս մասին տեղեկացնում է Նառա Վարդանյանը։
MediaHub-ի հետ զրույցում արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը նշեց, որ իրենք նախապես տեղյակ չեն եղել նոր որոշման մասին։
«Առանց որևէ բան ասելու պարզապես հանեցին ցանկից։ Ինչ-որ տեղ դա իրենց իրավունքն է․ դե պետական ֆինանսավորում է՝ կուզեն, կանեն, կուզեն, չեն անի, չնայած որ ֆինանսավորման գումարը էլի մեր վճարած հարկերից է։ Մեր թերթը 20 տարի ասպարեզում է, և ամբողջ երիտասարդական գրականությունը սնուցվում է այդ թերթով»,– նշեց Խանջյանը։
Արձակագրի կարծիքով՝ ֆինանսավորումը դադարեցնելու պատճառը քաղաքական ենթատեքստ ունի։
«Ես կարծում եմ, որ ընդհանուր գաղափարախոսության մեջ ավելի շատ չի տեղավորվել իմ՝ որպես գլխավոր խմբագրի, կեցվածքը, քան «Գրեթերթ»-ը։ Վերջին շրջանում եկեղեցու, Արարատի մասին խոսույթների հետ կապված ես մի քանի անգամ ելույթ ունեցա, և դա առիթ հանդիսացավ նման որոշման»,– հավելեց Գուրգեն Խանջյանը։
Նրա խոսքով՝ ներկա իշխանությունները չգիտեն, թե խորքային ինչ գիտելիք մատուցել աշակերտներին․ այս ամենը շոու է։
Խանջյանը հավելեց, որ թերթի գործունեության ողջ ընթացքում ֆինանսավորումը եղել է պետության կողմից, սակայն որոշ հայտարարությունների համար կարծես թե այս իշխանությունները «փոշմանել են» և որոշել են այլևս ֆինանսավորում չիրականացնել։
Էմմա Մարտիրոսյան

Русский