Ռուսաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական գործընկերություն են և կամրապնդվեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Արաղչիի խոսքով՝ իրանցի ժողովուրդը իր քաջության շնորհիվ կարողացել է դիմակայել ԱՄՆ ագրեսիային և կդիմանա: Արաղչին Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել Գերագույն առաջնորդ Խամենեիի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի լավագույն մաղթանքները: «Թեհրանը զգում է Մոսկվայի աջակցությունը»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։
«Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերություն են և կամրապնդվեն»,- նշել է Իրանի գլխավոր դիվանագետը։
Պուտինը Արաղչիին ասել է, որ անցյալ շաբաթ Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ է ստացել։ «Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
«Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը Իրանի առաջնորդին է փոխանցել իր բարեմաղթանքները։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Իրանական պատվիրակության կազմում են եղել նաև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

Русский