Հայաստանն ավելի ու ավելի է զիջում իր տեղը զբոսաշրջային հարմարավետ երկրների հորիզոնականում՝ մի շարք գործոններով պայմանավորված:
Բայց նախ ներկայացնենք վիճակագրությունը, որի համաձայն՝ այս տարի զգալիորեն նվազել է զբոսաշրջային հոսքը Հայաստան: Վիճակագրական տվյալներն առայժմ ներկայացնում են այս տարվա ութ ամիսների ցուցանիշը, որի համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37 790-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր:
Եթե 2025 թվականին Հայաստանը 1 505 123 զբոսաշրջիկի է հյուրընկալել, ապա այս տարի նրանց թիվը կազմել է 1 467 333: Միայն օգոստոս ամսվա ցուցանիշներն ամբողջացնում են տխուր պատկերը. եթե նախորդ տարվա օգոստոսին արձանագրվել է 334 396 զբոսաշրջիկի այց Հայաստան, ապա այս տարվա նույն ամսին, որն ի դեպ զբոսաշրջության համար սեզոնային ամիս է համարվում, 107 հազարով կամ 32,1 տոկոսով պակաս զբոսաշրջիկ է եկել՝ 227 026:
Մինչ երկրի ղեկավարը գովերգում է, թե նաև իր ջանքերի շնորհիվ հաստատված խաղաղությունը նպաստել է երկրում զբոսաշրջիկների թվի խթանմանը, իրականում Հայաստանը պակաս գրավիչ է դառնում օտարերկրյա քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ օրերս էլ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ, Փաշինյանն ամպագոռգոռ հայտարարություն է արել, թե Հայաստանում զբոսաշրջության խթանման համար ամենակարևոր գործոնը նոր հաստատված խաղաղությունն է: Նա փորձել է ներկաներին համոզել, թե խաղաղության գործընթացների ակտիվացմանը զուգընթաց զբոսաշրջիկների հոսքն ավելանում է, և քանի որ զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է անվտանգության խնդիրների նկատմամբ, ապա դրա ակտիվացումը վկայում է խաղաղության կայունության մասին: «Զբոսաշրջության համար գրավիտացիոն դաշտ է ձևավորվում, և հիմա Հայաստանն իսկապես ավելի ու ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջության համար: Խաղաղությունը լավ հնարավորություն է ընձեռում, որպեսզի տարբեր երկրներից մարդիկ գան և տեսնեն պատմական վայրեր, սրբավայրեր, տեսնեն հոյակապ բնություն, հայկական հրաշալի խոհանոց և բարի մարդկանց, լավ մարդկանց: Իմիջիայլոց, երբ ես հարցնում եմ զբոսաշրջիկներին, թե ինչն է ամենագրավիչ գործոնը իրենց համար՝ Հայաստան այցելելու տեսանկյունից, իրենք ասում են, որ դա հայկական հյուրընկալությունն է և մարդկանց ջերմությունը»,- հավելել է վարչապետը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե զբոսաշրջությունը Հայաստանում «բում» է ապրում, ինչն անմիջական կապ ունի խաղաղության հետ: Կառավարության նիստում նա ինքնագոհ հայտարարում էր, թե Հայաստանում զբոսաշրջային հոսքերի աճն այնքան բարձր է, որ նույնիսկ հավատալու չէ: «Զարմանալի բաներ են տեղի ունենում զբոսաշրջային առումով. պատկերացնո՞ւմ եք՝ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34 տոկոս աճ է ունեցել: Այս թվերը նշանակում են, որ մենք այս պահին զբոսաշրջային բում ունենք, և երկրորդ՝ այդ բումը շարունակվելու է, աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները»:
Երկար ժամանակ չպահանջվեց Փաշինյանի կանխատեսումներն ի չիք դառնալու համար: Զբոսաշրջիկների քանակը ոչ միայն կայուն մակարդակի վրա չպահպանվեց, այլև զգալիորեն նվազեց: Եթե նրա դիտարկմամբ՝ զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է անվտանգային խնդիրների նկատմամբ և առաջնային այդ գործոնով է պայմանավորված զբոսաշրջիկների թվի ավելանալը կամ պակասելը, ապա ստացվում է, որ օտարերկրյա քաղաքացին անգամ չի հավատում Փաշինյան-Ալիև զույգի երերուն խաղաղությանը և խուսափում է այցելել մի երկիր, որտեղ ամեն պահի կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել:
Ի դեպ, Հայաստան զբոսաշրջիկների հիմնական հոսքը Ռուսաստանի քաղաքացիներն են ապահովում: Ռուսաստանը տարիներ շարունակ եղել և մնում է հայաստանյան զբոսաշրջության գլխավոր դոնոր-երկիրը՝ ապահովելով երկիր զբոսաշրջիկների հոսքի 40 տոկոսը, և զբոսաշրջային ոլորտի մասնագետների հավաստմամբ՝ հենց ռուս զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն է ազդել ընդհանուր վիճակագրության վրա: Դա զարմանալի չէ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող՝ Ռուսաստանի հանդեպ կոշտ, անհանդուրժողական քաղաքականության և երկրում հակառուսական տրամադրությունների սրման պայմաններում: Ռուս-ուկրաինական պատերազմի վրա հղում անողներին պետք է հիշեցնել, որ այդ հանգամանքն ամենևին չէր խանգարում ռուս զբոսաշրջիկներին նախորդ տարիներին ընտրել հայաստանյան ուղղությունը: Այնպես որ, Հայաստանի հանդեպ նրանց հետաքրքրության նվազումն այլ պատճառներ ունի:
Բացի հակառուսական տրամադրություններից, զբոսաշրջիկների որոշման վրա ազդել է նաև երկրում ներքին գնային քաղաքականությունը, որի անհեռատես իրականացման պատճառով մեզանում զբոսաշրջային ծառայությունները չտրամաբանված աճ են գրանցել: Ոլորտի մասնագետներն արձանագրում են, որ հյուրանոցային ծառայությունների, սննդի և տրանսպորտի գները զգալիորեն աճել են, ինչն ազդել է նաև զբոսաշրջային փաթեթների գների վրա՝ դրանք գրեթե կրկնակի թանկացնելով: Եվ դա շատ զբոսաշրջիկների դրդում է նույն բյուջեով կամ անգամ ավելի մատչելի գնով նախապատվությունը տալ հարևան Վրաստանին կամ Թուրքիային, որտեղ ծովափնյա հանգստի և ծառայությունների գին-որակ հարաբերակցությունն ավելի մրցունակ է:
Իսկ սեփական քսակի հարգն իմացող զբոսաշրջիկին ամենևին չեն հետաքրքրում հայկական հյուրընկալությունն ու սրտաբացությունը. զբոսաշրջիկը փնտրում է խելամիտ առաջարկներ, իսկ Հայաստանում գները վաղուց են դադարել խելամիտ լինելուց: Օգտվելով ազատ շուկայական հարաբերություններից և գնային քաղաքականության անվերահսկելիությունից՝ ոլորտում ներգրավված տնտեսվարողները արագ հարստանալու մոլուցքով տարեցտարի բարձրացնում են իրենց ծառայությունների գները և շատ դեպքերում անգամ զբոսաշրջիկների քանակության նվազումն են փորձում հավասարակշռել ավելի բարձր գին սահմանելով: Արդյունքում տուժում են ոչ միայն իրենք, այլև երկրի տնտեսությունը, որի ինչ-որ հատված սպասարկվում է զբոսաշրջության հաշվին:
Մյուս կողմից էլ իշխանությունների սահմանած հարկային չհաշվարկված քաղաքականությունն է ծանրաբեռնում ոլորտում սահմանվող գները, այնինչ որպես գերակա ուղղություն՝ զբոսաշրջության հանդեպ պետք է հարկային ավելի մեղմ մոտեցում ցուցաբերվի. այս մասին հայտարարում են զբոսաշրջային կազմակերպությունները: Ոլորտում գների աճի վրա ազդեցություն է թողնում նաև ազգային արժույթի արժևորումը: Դրամի դիրքերի ամրապնդումն արտարժույթների նկատմամբ Հայաստանը դարձրել է թանկ երկիր արտասահմանյան զբոսաշրջիկների համար, քանի որ նրանց փոխանակած գումարով այստեղ ավելի քիչ ապրանք ու ծառայություն է հնարավոր գնել:
Եկող տարվա հունվարից՝ ընդամենը մի քանի ամսից, պետական պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձերը զգալիորեն բարձրացվելու են, որի պատճառաբանություններից մեկն էլ այն է, թե պաշտոնյան պետք է բարձր վարձատրվի, որ արդյունավետ աշխատի: Փաստորեն, ստացվում է, որ ոլորտ առ ոլորտ ձախողելու վարձն է դա, այլ ոչ թե արդյունավետ աշխատանքի դիմաց տրվող խրախուսում: Այլապես բացասական դինամիկայի դեպքում պաշտոնյաների աշխատավարձերը պետք է ոչ թե բարձրացվեն, այլ կասեցվեն, կամ նրանք պետք է հեռացվեն աշխատանքից՝ իրենց վստահված ոլորտներում սխալ կառավարման համար: Բայց Փաշինյանի Հայաստանում ամեն ինչ ոտքից գլուխ շուռ է եկել:
Թագուհի Ասլանյան

Русский