Երևանում ավտոբուսներից օգտվելը կրկին լուրջ խնդիր է ստեղծել քաղաքացիների համար. նախորդ տարվա փետրվարի մեկից ներդրված նոր համակարգի բերած խնդիրները հազիվ էին վերացել և քաղաքացիները սկսել էին առանց բարդությունների օգտվել վճարման նոր համակարգերից, և հիմա նոր խնդիր է ի հայտ եկել. ավտոբուսների միայն դիմացի դռներն են բացվում, և մարդիկ ստիպված են լինում մի կերպ խցկվել տրանսպորտում, ապա մեկ ոտքի վրա կանգնած հասնել դասի կամ աշխատանքի։
MediaHub-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանից փորձեց ճշտել նոր որոշման պատճառը, թե ինչու պետք է միայն առջևի դռները բացվեն, ո՞րն է այս փոփոխության նպատակը։ Խոսնակը հայտնեց, որ այդ որոշումը նոր չէ։
«Ընդունված ստանդարտն այն է, որ ուղևորները պետք է ավտոբուս նստեն առջևի դռնից, վճարեն ուղեվարձը, իսկ իջնեն հետևի դռնից։ Պարզապես որոշ ժամանակ այդ կարգը խախտվել էր, իսկ այժմ այն կրկին խստացվում է՝ մեկ հիմնական նպատակով՝ ապահովել, որ բոլոր ուղևորները պարտադիր վճարեն։Սա քաղաքակիրթ մեթոդ է։ Եթե բոլորը պահպանեն կանոնը, գործընթացը շատ արագ կկարգավորվի»,– նշեց Ասատրյանը։
Սակայն իրականում իրավիճակը դեռ հեռու է հարթվելուց։ Շատ դեպքերում ավտոբուսները կանգառում երկար են մնում, քանի որ ուղևորների հոսքը ճիշտ չի բաշխվում։ Արդյունքում մարդիկ ուշանում են աշխատանքից, կամ այլ կարևոր հանդիպումներից։ Բացի այդ, առաջացած խառնաշփոթը դժգոհություն է առաջացնում նաև վարորդների շրջանում, որոնց մի մասը նույնիսկ, մեր տեղեկություններով, դադարեցրել է աշխատանքը՝ բողոքելով ստեղծված պայմաններից։
Իսկ ե՞րբ կկարգավորվի խնդիրը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակը չկարողացավ պատասխանել։ Միայն նշեց, որ ժամանակի ընթացքում քաղաքացիները կվերադառնան կարգապահ վարքագծի, և համակարգը կսկսի աշխատել սահուն։
Սակայն հարցը մնում է բաց, արդյո՞ք այս փոփոխությունը կարդարացնի սպասումները։ Թեև նպատակը հասկանալի է՝ ապահովել արդար վճարում և վերահսկելի համակարգ, կիրառման ընթացքը դեռևս բազմաթիվ թերություններ ունի։ Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ ծանրաբեռնված ժամերին քաղաքացիները մի կերպ են խցկվում ավտոբուսներում, ապա հիմա, երբ հետևի դռներն ավելի ուշ են բացվում, որտե՞ղ պետք է տեղավորվեն ուղևորները, չէ՞ որ նրանք խցկվում են ավտոբուս իջնող ուղևորների հաշվին։ Իսկ այս դեպքում բազմաթիվ քաղաքացիներ ուղղակի ստիպված են լինելու սպասել հաջորդ համարին՝ դիմացից խցկվել չկարողանալու պատճառով։
Ալիտա Եղիազարյան

Русский