Թանկացումները բավականին զգալի են դարձել քաղաքացու գրպանի համար։ 2025 թվականի հունվարից սկսած մինչև ընթացիկ տարվա հունվար ամիսը Հայաստանի սննդամթերքի շուկայում արձանագրված գնաճը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հատել է ԿԲ-ի սահմանած գնաճի նպատակային ցուցանիշը՝ 3%-ը: Ամենամեծ գնաճն արձանագրվել է մսի, կաթնամթերքի և սուրճի շուկայում: Այդ ժամանակահատվածում գնաճը հասել է 5,8%-ի՝ ավելի սրելով երկրում առկա սոցիալական անհավասարությունը և խորացնելով աղքատությունը:
Ինչո՞ւ է տեղի ունեցել անհիմն գնաճ, ո՞րն է պատճառը․ այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։
«Աննորմալ տիպի գնաճ է, այսօր ծաղկակաղամբը սուպերմարկետներից մեկում տեսել եմ կիլոգրամը 1100 դրամով։ Ու նման բան ես կյանքում չէի տեսել, իսկ մնացած ապրանքատեսակները նույնպես թանկացել են, ինձ թվում է՝ այս ամենը կախված է նաև Իրանի պատերազմի հետ, որ արգելել էին որոշ գյուղմթերքների արտահանումը, ինչը հանգեցրել է նման գնաճի»,- ասաց Մնացականյանը։
Ըստ գյուղատնտեսի՝ օրինակ՝ բուլղարական պղպեղը Հայաստանում գրեթե չի արտադրվում, ինչ էլ արտադրվում է, արտահանվում է, տեղական շուկա չի գալիս, գազարը պարսկական է, իսկ ծաղկակաղամբը ՀՀ-ում այս տարի դեֆիցիտ է, պարսկական է հիմնականում, գյուղացին մեղավոր չի թանկացման համար, նա ապրանք չունի։
Այս ընթացքում բավականին թանկացել է նաև ձուն․ «Մինչև հիմա ինձ համար շատ անհասկանալի է այս մի տարվա մեջ ձվի 50+% թանկացումը, մինչև հիմա ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչի՞ հաշվին է գինն այդքան բարձրացել, ո՞նց կարող է ձուն հասնել 85-90 դրամի, նախորդ տարի նույն ժամանակահատվածում 49-50 դրամ էր»։
Տավարի մսի գնի բարձրացումը Մնացականյանը դեռ ամիսներ առաջ էր կանխատեսել․ «3400 դրամանոց ոսկորոտ միսը դարձել է 3900 դրամ, խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը պակասել է Հայաստանում, ինչը հանգեցրել է մսի գնաճի։ Խնդիրներ կան ու, կարծես, ձեռնտու չէ խոշոր եղջերավոր անասուն պահելը, դրանից է եկել այս խնդիրը»։
Արդյո՞ք գյուղատնտեսական ապրանքների գինը ամռանն էլ կշարունակի բարձր մնալ, եթե հաշվի առնենք, որ այս տարի մարտ ամիսը բավականին ցուրտ է, արդյո՞ք եղանակային պայմանները կազդեն գյուղատնտեսության վրա, արդյո՞ք այս տարի քիչ բերք կլինի։ Մեր հարցին ի պատասխան Մնացականյանն ասաց՝ ինչքան այս շրջանում ցուրտը երկար մնա, այնքան գյուղատնտեսության համար լավ կլինի, եթե միանգամից տաքանար, ծառերը արդեն սկսեին արթնանալ, ցրտահարվելու ռիսկը մեծանալու էր։
«Տարին ինչքան հետ է ընկնում, այնքան գյուղատնտեսական առումով ավելի լավ է, այնքան ցրտահարվելու ռիսկը քչանում է։ Ես այնպես էի վախենում, որ փետրվարի վերջին մի քանի օրը լավ տաք էր, մինչև պլյուս 17 հասավ, հենց ծառերը սկսեին ծաղկել, հետևից այս ցուրտն աներ, պատկերացրեք՝ ինչ կլիներ։ Դրա համար այս ցուրտ եղանակն ի օգուտ գյուղատնտեսության է, ինչքան ուշ ծառերը ծաղկեն, ինչքան ուշ կանաչեն, այնքան ավելի լավ»։
Մարիաննա Արամյան

Русский