Ձմռան ամիսներին սուր շնչառական վարակները գրեթե մեր մշտական ուղեկիցն են, սակայն 2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում դրանց ակտիվությունը գնահատվում է ցածր։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Սակայն, ինչպես նշում են մասնագետները, թվերի նվազումը չպետք է թուլացնի զգոնությունը, քանի որ հիվանդության հիմնական բեռը շարունակում են կրել երեխաները։
«Երեխաների շնչուղիները կարճ են, և վարակը շատ արագ է ներթափանցում օրգանիզմ, հատկապես ձմռանը, երբ իմուն համակարգը ավելի ընկճված է վիտամինների պակասի պատճառով»,– այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց թերապևտ Լամարա Մանուկյանը։
Մասնագետների տվյալներով՝ սուր շնչառական վարակների ընդհանուր դեպքերի շուրջ 68 տոկոսը բաժին է ընկնում 0–18 տարեկաններին, իսկ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է գրանցվել մինչև 4 տարեկան երեխաների շրջանում։ Թեպետ հոսպիտալացումների թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է, հոսպիտալացվածների շուրջ 92.8 տոկոսը կրկին երեխաներ են։
«Մինչև հինգ տարեկան երեխաները գտնվում են բարձր ռիսկի խմբում, սակայն խոցելի են նաև տարեցները»,– նշում է թերապևտը՝ հավելելով, որ հատկապես այս շրջանում ծնողները պետք է առավել ուշադիր լինեն։
Շատ ծնողների համար շարունակում է դժվար լինել տարբերակել սովորական մրսածությունն ու շնչառական վարակը։ Թերապևտի խոսքով՝ դա գրեթե անհնար է։
«Գանգատները նույնն են՝ ջերմություն, քթահոսություն, փռշտոց։ Սովորական մրսածության դեպքում ջերմությունը պետք է երեք օրվա ընթացքում նվազի ջերմիջեցնող դեղերի օգնությամբ։ Եթե երեք օր անց ջերմությունը պահպանվում է կամ ավելանում են նոր ախտանշաններ՝ հազ, խորխ, բարձր ջերմություն, արդեն պետք է պարտադիր դիմել բժշկի»,– զգուշացնում է թերապևտը։
Կանխարգելման կարևոր քայլերից է ինքնաբուժումից խուսափելը և որևէ դեղորայք չօգտագործել առանց բժշկի ցուցման, քանի որ յուրաքանչյուր հիվանդություն պահանջում է անհատական մոտեցում։ Շատ հեղուկների ընդունումը և ճիշտ ժամանակին բժշկի դիմելը նույնպես շատ կարևոր են։
Թերապևտը նաև ասաց, որ տոնական օրերին ակտիվ շփումները, իսկ այժմ արդեն դպրոցների և մանկապարտեզների բացումը նպաստում են վիրուսների նոր թափով տարածմանը․ «Այս փուլում միակ արդյունավետ կանխարգելիչ քայլը հիվանդ երեխային դպրոց կամ մանկապարտեզ չուղարկելն է»։

Русский