Իրանի խորհրդարանը մշակել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծ։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։
Նիկզադի խոսքով՝ նախաձեռնությունն ուսումնասիրման փուլում է, այդ թվում՝ դրա միջազգային հետևանքների գնահատման առումով։ Փոխխոսնակը հավելել է, որ փաստաթուղթը լիագումար նիստին կներկայացվի որպես հրատապ նշանակության հարց, ինչը օրենսդիրներից կպահանջի քննարկել այն նույն օրը։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը դադարեցրել էր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ անցյալ տարվա սեպտեմբերին։ Նա այդ միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին բնութագրել է որպես անազնիվ մարդու։ «Նա այնպիսի մարդ է, ով գալիս է, ստուգումներ անցկացնում և գովասանքի խոսքեր հնչեցնում, սակայն հեռանալուց հետո մեր դեմ բացասական զեկույց ներկայացնում»,- ասել է Նիկզադը։
Խորհրդարանական պաշտոնյան նշել է, որ անցյալ տարվա որոշումը օգտակար է եղել Իրանի համար։ «Մի՞թե մենք իրականում որևէ հույս ունենք, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը կամ այնտեղ նստածները կաջակցեն մեզ միջուկային էներգետիկայի ոլորտում։ Իհարկե՝ ոչ»,- ասել է նա։

Русский