ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
«Դա միշտ եղել է չորսշաբաթյա գործընթաց։ Մենք կարծում էինք, որ սա կտևի մոտավորապես չորս շաբաթ։ Այնպես որ, սա կտևի չորս շաբաթ, հնարավոր է՝ էլ ավելի քիչ», — պարզաբանել է ԱՄՆ նախագահը։
Դուբայի օդանավակայանը, որն օրական ավելի քան 1000 չվերթ է սպասարկում, վնասվել է Պարսից ծոցի երկրներում օբյեկտների վրա հարձակման հետևանքով, հաղորդում է Reuters-ը: Հարվածները վնասել են նաև Աբու Դաբիի և Քուվեյթի օդանավակայանները: Մերձավոր Արևելքի խոշորագույն օդանավակայանները՝ ներառյալ Դուբայինը, այս պահին փակ են մնում:
Մեր տեղեկություններով՝ մի քանի չվերթ դեպի Երևան չի կայանա ՝ Դուբայից (FlyDubai և Emirates), Շարժայից (AirArabia) և Աբու Դաբիից (AirArabia)։ Չվերթները չեղարկվել են, իսկ հայ զբոսաշրջիկները մնացել են ԱՄԷ-ում։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ զբոսաշրջիկներից, որ իրենք մնացել են ԱՄԷ-ում և չեն կարող վերադառնալ Հայաստան։ «Այսօր պլանավորված էր իմ թռիչքը դեպի Հայաստան, բայց չեղարկվեց։ Բոլոր չվերթները չեղարկված են, մենք մնացել ենք «բորտին», այս պահին պետք է հասկանանք որտեղ մնանք և ի՞նչ անենք, ըստ երևույթին, մեզ կտրամադրեն կացության վայր և սնունդ՝ մինչ չվերթները կրկին լինեն։ Մի փոքր անհանգիստ ենք, բայց այս պահին Դուբայում նորմալ է իրավիճակը։ Վերջին երկու օրը մեզ մեր հյուրանոցային համարներից տարհանել էին, և մենք մնում էինք ներքևի հարկերում։ Կոնկրետ մեզ իջեցրել էին ռեստորանի հարկ, որտեղ դրված էին մատրասներ, որ կարողանանք քնել, իհարկե, սա այն հանգիստը չէր, որի մասին երազել էինք»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացին։
MediaHub-ի զրուցակիցը նշեց, որ այս պահին այնքան հանգիստ է, որ մարդիկ անգամ ծովում լողում են, սակայն, մեկ է, մարդիկ անհանգիստ են, թե երբ են վերադառնալու հետ Հայաստան, և ինչ է լինելու մոտ ապագայում։
Մարիաննա Արամյան

Русский