Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։
Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է՝ երեխաների հետ Արցախի թեմայով որևէ զրույց, հիշատակում չանել և հեռացնել փառքի անկյունները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ սկանդալ բարձրացավ, երբ Շահումյան համայնքի դպրոցից հեռացրել էին փառքի անկյունը, սակայն հանրության ճնշումներից և մամուլի հրապարակումներից հեո այն վերականգնվեց։ Այսինքն՝ գործընթացը կրկին ակտիվացել է, և կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ հանրությունն այդ մասին տեղեկանում և իր բողոքի ձայնն է բարձրացնում։
Ինչևէ, MediaHub-ը փորձեց ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանալ, թե այս անգամ ինչ գրություն է ուղարկվել դպրոցներ, ինչու է նման բան արվել։
Մեր հարցին ի պատասխան ԿԳՄՍՆ խոսնակ Նելլի Վահանյանը նշեց, որ չկա ոչ մի նման գրություն։
«ԿԳՄՍ նախարարությունը երբևէ որևէ հանձնարարական չի տվել դպրոցներում հերոսների կամ «Փառքի անկյունների» հեռացման վերաբերյալ։ Պարբերաբար շրջանառվող նման տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Վահանյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский