Ջերմության կամ սուր շնչառական վիրուսային վարակի դեպքում տաք լոգանք ընդունելը խորհուրդ չի տրվում, քանի որ դա կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, «ՏԱՍՍ»-ին ասել է Պիրոգովի համալսարանի ամբուլատոր թերապիայի ամբիոնի դոցենտ Ուլյանա Մախովան։
Ջերմության դեպքում լոգանք ընդունելը չափազանց ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը և խաթարում օրգանիզմի ջերմակարգավորումը։ Սա կարող է հանգեցնել ուշագնացության, հիպերտոնիկ ճգնաժամի, իսկ որոշ դեպքերում՝ մահվան։
«Տաք լոգանքը առաջացնում է արտաքին ջերմային հարված՝ խանգարելով ջերմափոխանակման բնական գործընթացին։ Ջերմաստիճանը իջնելու փոխարեն կարող է կտրուկ և վտանգավոր կերպով բարձրանալ, ինչը կարող է հանգեցնել բարդությունների»,- պարզաբանել է Ուլյանա Մախովան։
Մասնագետը բացատրել է, որ օրգանիզմն արդեն իսկ գերտաքանում է, իսկ լրացուցիչ ջերմությունը սպառում է ռեսուրսները՝ թուլացնելով իմունային պատասխանն ու երկարացնելով հիվանդությունը։
Հատկապես վտանգավոր կարող է լինել արյան ճնշման կտրուկ բարձրացումը լոգարանից դուրս գալու փորձի ժամանակ: Հնարավոր են թուլություն, հիպերտոնիկ կրիզ, գլխապտույտ և նույնիսկ ուշագնացություն: 38.5 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանում տաք լոգանք ընդունելը կարող է լուրջ բարդություններ առաջացնել, այդ թվում՝ թոքաբորբ:

Русский