Հայ-ադրբեջանական հարաբերությունները նմանվում են երկու մեքենայի, որոնցից մեկը արգելակել է հնարավոր բոլոր միջոցներով, իսկ մյուսի արգելակներն ընդհանրապես չեն գործում։ Եվ ահա, այդ արգելակված մեքենան հենց Հայաստանն է, ի դեմս գործող իշխանությունների։
Օրերս Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը արեց հերթական հայտարարությունը, որը Արցախում հայկականության հետքերը վերացնելու քաղաքականության ընդամենը շարունակությունն էր, որովհետև նրա խոսքերում, ըստ էության, ոչ մի նորություն չկար։ Հաջիևը կրկնեց այն, ինչ ընկած է Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հիմքում, համաձայն որի, Արցախում գտնվող հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները ոչ թե հայկական են, այլ աղվանական։ Այս անգամ խոսքը վերաբերում էր, մասնավորապես, Գանձասարին ու Դադիվանքին։
Եվ որքան էլ այդ ամենին ՔՊ-ականների արձագանքը կանխատեսելի է, բայց ամեն անգամ աղոտ հույս է առաջանում, որ գուցե մեկ անգամ շարժվի այդ մարդկանց մոտ ազգային արժանապատվությունը ու հանդես գան փոքր ինչ կոշտ դիրքորոշմամբ, հատկապես, որ ՔՊ-ական պատգամավորների դիրքորոշումներից ընդհանրապես ոչինչ կախված չէ, բառացիորեն ոչինչ։ Սակայն յուրաքանչյուր դեպքում համոզվում ենք, որ սպասելիքները նրանցից զուր են։ Նրանք արգելակված են այնպես, որ նույնիսկ էվակուատորը ի զորու չի լինի նրանց տեղաշարժել։
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ականները եզրահանգեցին, որ Հաջիևի հայտարարություններն ինչ-որ ներքին խոսույթ են, իմաստունի տեսքով բոլորին սովորեցրին, որ 30 տարվա հակամարտությունն ունենում է իներցիոն ուժ, որը կարող է շարունակվել ինչ-որ ժամանակ և մայրական գորովանքով հորդորեցին, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերել։
Նախ՝ եթե նման հայտարարություններ աներ օրինակ՝ Ադրբեջանի Հաջի Զեյնալաբդին գյուղից Գյոզալ Իսմայիլովա անուն, ազգանունով ոմն կթվորուհի, ապա կարելի էր այդ ամենը վերագրել իներցիոն ուժին, բայց երբ հայտարարության հեղինակը տվյալ պետության ղեկավարի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականն է, ապա դա ոչ թե իներցիա է, այլ պետական քաղաքականություն։ Հատկապես, որ ինչպես Հայաստանում է կառավարությունը Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ Ադրբեջանում՝ Ալիևն է ու ինչպես Հայաստանում ցանկացած իշխանավոր չի կարող առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի որևէ հայտարարությամբ հանդես գալ, այդպես էլ՝ Ադրբեջանում։
Երկրորդը՝ Հաջիևի հայտարարությունները ոչ թե ուղղված էին ներքին լսարանին, օրինակ՝ այդ նույն կթվորուհուն, այլ հասցեագրված էին Ադրբեջանում հավատարմագրված դեսպանությունների դիվանագետներին, այլ խոսքով՝ արտաքին աշխարհին։
Նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս, որ մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են խաղաղության խնամքով ու նյարդերի թուլացմամբ, Ադրբեջանը հստակ շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը։ Իհարկե պետք է խաղաղությունը խնամել, բայց միայն այդ դեպքում, երբ այդ խաղաղությունը կա, իսկ ներկայումս մենք խնամում ենք ոչ թե չեղած խաղաղությունը, այլ ընդամենը Ալիևի ողնաշարի հոդերն ու հանգստացնում նրա նյարդերը, որպեսզի նրա մոտ որևէ ներվային ջղաձգումներ չառաջանան ու չփորձի տանկերով ստանալ այն, ինչ ստանում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանով»։
Այնպես որ Ադրբեջանի պահանջատիրության հետ կապված ՔՊ-ականների արձագանքները ուղղված են ոչ թե մեզ՝ ներքին լսարանին, այլ Ադրբեջանին ու Ալիևի նյարդերին։
Կարեն Կարապետյան

Русский