Երանի մենք ապրեինք այնպիսի երկրում, որը զերծ կլիներ արտաքին մարտահրավերներից ու վտանգներից, որը կանգնած չէր լինի սեփական տարածքների հերթական կորստի շեմին, որը կլանված չէր լինի այնպիսի հարևանի կողմից, ինչպիսին Թուրքիան է, որին չէին պարտադրի փոխել Սահմանադրությունը, որին չէին ստիպի հարձակվել սեփական եկեղեցու վրա, ոչնչացնել ազգային արժեքներն ու հրաժարվել ինքնությունից։
Երանի ապրեինք այնպիսի երկրում, որը կունենար բարձր կենսամակարդակ, երջանկության բարձր ցուցանիշ, ու ընդդիմության ու իշխանության հիմնական «կռվախնձորը» կլիներ, օրինակ՝ հարկերի իքս տոկոսով բարձրացումը կամ իջեցումը կամ էլ աշխատանքային օրերի ու ժամերը կրճատումը, ու քաղաքացիներին առանձնապես չէր հետաքրքրիէ տվյալ պահին քաղաքական առաջնային օրակարգ կա, թե՝ ոչ։
Բայց մենք ոչ միայն այդպիսի երկիր չենք, այլև տրամագծորեն դրա հակառակն ենք։ Մենք կանգնած ենք տարածքների հերթական կորստի, թյուրքական աշխարհի կողմից կլանվելու, պարտադրմամբ Սահմանադրությունը փոխելու, ինքնությունից ու պատմական հիշողությունից հրաժարվելու մարտահրավերի առջև։
Մենք կանգնած ենք տնտեսական կոլապսի ու առանց այդ էլ ոչ բարձր կենսամակարդակի նվազեցման վտանգի առջև, իսկ երջանկության մասին խոսք իսկ լինել չի կարող։ Չի կարող երջանիկ լինել մի հասարակություն, որը դեռևս մի քանի տարի առաջ կորցրել է իր հայրենիքի մի զգալի հատվածը ու տվել շուրջ 5000 զոհ, և ի հավելումն այդ ամենի, նրան ասում են, որ քո հայրենիքն ամենևին էլ քոնը չի եղել, իսկ որդիներդ զոհվել են հանուն ոչնչի։
Եվ ահա այդպիսի երկրում, ինչպիսին մենք ենք, ունենք երկու ճանապարհ, կա՛մ տրվել ազատ անկման «հաճույքին» ու գլորվել մինչև վերջ, կա՛մ քաղաքական հստակ օրակարգով կանխել այդ ընթացքը։
Ու այստեղ առաջանում է մի պարզ հարց, ո՞վ պետք է առաջարկի այդ օրակարգը։ Պատասխանն այնքան պարզ է, որ նույնիսկ քննարկել էլ չարժե։ Կասեցման հիմնական դերակատարը պետք է լինի ընդդիմությունը իր քաղաքական օրակարգով, որի մասին թեպետ բոլորն են խոսում, բայց մենք այդպես էլ ականատես չենք լինում օրակարգին ու իրատեսական գործողությունների ներկայացմանը, եթե իհարկե միայն վիրավորանքներն ու քննադատությունները չհամարենք օրակարգ։
Ընդդիմության կարևորագույն թերացումներից մեկը ժամանակի գործոնի գիտակցման բացակայությունն է։ Ընդդիմությունը չի կարողանում հասկանալ, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն, ի վնաս ժողովրդի ու ի վնաս պետության, ու ամենազավեշտն այն է, որ իշխանությունը բազմաթիվ հնարավորություններ է թողնում այդ օրակարգը ձևավորելու ու պարտադրելու համար։
Սակայն ցավալիորեն պետք է փաստենք, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ ձևավորողը Նիկոլ Փաշինյանն է, նույնիսկ ոչ թե իշխող ուժը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը։ Այդ առումով ՔՊ-ն ոչնչով չի տարբերվում ընդդիմությունից, երկուսն էլ սպասում են Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Սակայն եթե այդ ընդհանրությունը ինչ-որ չափով օգնում է ՔՊ-ին, քանի որ ազատում է նրան մտածելու անհրաժեշտությունից ու պատասխանատվություն ստանձնելուց, ապա միանշանակ վնասում է ընդդիմությանը ու մղում լուսանցք։
Որպես ապացույց կարելի է բերել երեք փաստ։ Լինում են Ազգային ժողովի նիստեր, խոսում են բոլորը (մեծամասամբ անարդյունավետ), չեն լինում այդ նիստերը, լուռ են բոլորը, թե՛ ՔՊ-ականները, թե՛ ընդդիմադիրները։
Նիկոլ Փաշինյանը երկրում է տեղի են ունենում Կառավարության նիստեր, բացակայում է՝ այդ նիստերը տեղափոխվում են մինչ նրա վերադառնալը (հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞ւմ են պետք փոխվարչապետերը)։
Նիկոլ Փաշինյանը խոսում է՝ ակտիվանում են բոլորը։ Ընդդիմությունը քննադատում է, ՔՊ-ն՝ պաշտպանում, որից հետո կրկին տիրում է լռություն, մինչև նրա հաջորդ խոսքը։
Մինչդեռ ընդդիմությանը չպետք է հետաքրքրեին ո՛չ Ազգային ժողովի նիստերը, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ բացակայությունը։ Ընդդիմությունը պետք է սեփական օրակարգը պարտադրեր այնպիսի միասնականությամբ ու հետևողականորեն, դրա հետևից գնար այնպիսի վճռականությամբ ու իրատեսական քայլերով, որ իշխանական բուրգը կանգներ երերման եզրին։
Եվս մի հարցում է ընդդիմությունը թերանում, երբ կարծում է, որ ինքը կկարողանա ուժգին հակահարված տալ Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ, երբ նա սկսի հստակ քայլեր անել ու օրինակ՝ գործնականում անցնի Սահմանադրության փոփոխության իրականացմանը։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն գործնական քայլեր անում է այդ ուղղությամբ, երկրորդը՝ երբ նա անցնի դրա ավարտական փուլին, այդ ժամանակ ընդդիմությունն այլևս որևէ հնարավորություն չի ունենալու այդ թափանիվը կանգնեցնելու։
Կարեն Կարապետյան

Русский